Կորոնավիրուսի դեմ պայքարող Սպիտակ տան առաջնագծի անդամները ինքնամեկուսացման են ենթարկվել վիրուսով վարակված անձի հետ շփման պատճառով:
Ինքնամեկուսացված անձանցից է Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտից դոկտոր Էնթոնի Ֆաուչին, որը վերջին ժամանակներս ուշադրության կենտրոնում հայտնվեց կորոնավիրուսի մասին հստակ բացատրություններ տրամադրելով: Ստացված տվյալների համաձայն Ֆաուչիի թեստի պատասխանը եղել է բացասական, սակայն նրա նկատմամբ կանցկացվի կրկնակի թեստավորում:
Ինքնամեկուսացման է ենթարկվել նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն դոկտոր Ռոբերտ Ռեդֆիլդը, որը մոտակա երկու շաբաթների ընթացքում տնից է աշխատելու:
Սննդի եւ դեղորայքի կենտրոնի հանձնակատար դոկտոր Սթիվեն Հանը նույնպես ինքնամեկուսացման մեջ է գտնվում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման պատճառով: Նրա թեստի պատասխանը նույնպես եղել է բացասական:
Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հայտնել էր, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի մամլո քարտուղար Քեիթի Միլլերի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը: Քեիթի Միլլերը Սպիտակ տան ներգաղթի հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերի կինն է:
Այս լուրից հետո, վարչակազմի ավագ անդամներից մեկը շեշտել է, որ ո՛չ փոխնախագահը, ո՛չ էլ նախագահը վերջին ժամանակներս չեն առնչվել Միլլերի հետ:
Հիշեցնենք նաև, որ անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է նաև Դոնալդ Թրամփի անձնական սպասավորը: