Կորոնավիրուսից ամենամեծ տուժածներն ի վերջո կարող են դառնալ երեխաները, չնայած այն հանգամանքին, որ այս հիվանդությունը հիմնականում հարվածում է տարեցներին: Այսօր աշխարհում մոտավորապես մեկ եւ կես միլիարդ երեխա չի հաճախում դպրոց: Իսկ դա, ասում է Human Rights Watch կազմակերպությունը, ահռելի մեծ ազդեցություն է գործում նրանց վրա:
Հիվանդության արդյունքում մեծաթիվ երեխաներ են զրկվում ծնողներից: Եվ ինչպես էբոլայի համաճարակի եւ Ա ֆրիկայում ՁԻԱՀի դեպքում, որբացած մեծ թվով երեխաներ դարձան սեռական թրաֆիքինգի զոհ, անցան ստիպողական աշխատանքի:
Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, աշխարհում իրենց աշխատանքներից կարող է զրկվել 200 միլիոն մարդ: Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության անդամներից Ջո Բեքերն ասում է, որ հատկապես նոր զարգացող երկրներում այդ դեպքերում աճում է աշխատանքի անցած երեխաների թիվը, ինչը զարկ է տալիս երեխաների շրջանում ամուսնությունների թվի աճին:
Այլ երկրներում, ինչպես օրինակ Ռուսաստանում, նկատվում է ընտանեկան բռնությունների աճ, որը նույնպես իր վերջնական ու ամենամեծ հարվածը հասցնում է երեխաներին:
Human Rights Watch-ը կոչ է անում աշխարհի երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում կենտրոնանալ երեխաների խնդիրների վրա, տալ ուսման ավելի մեծ հնարավորություններ, ինչպես նաեւ տնտեսական աջակցություն խոցելի շերտին: Խոցելի շերտի մեջ գտնվող ընտանիքներում են ամենախոցելի երեխաները: