Մատչելի հղումներ

Փոմփեոն մեղադրում է Չինաստանին ու ԱՀԿ-ին


Այսօր, երբ կորոնավիրուսը շարունակում է հազարավոր կյանքեր խլել աշխարհում, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն դատապարտում է Չինաստանի կառավարող Կոմունիստական կուսակցությանը` մահաբեր վիրուսի մասին տեղեկությունները գաղտնի պահելու համար: Նա քննադատում է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` Պեկինից պատասխանատվություն չպահանջելու համար:

‘’ Չինաստանը չի տրամադրել ամբողջ տեղեկատվությունը: Փոխարենն այն կոծկել է հիվանդության վտանգավորության աստիճանը եւ մեկ ամիս ոչինչ չի ասել մարդուց մարդ վարակը տարածվելու փաստի մասին եւ սպառնացել է բոլոր նրանց, ովքեր փորձել են տեղեկություններ հայտնել աշխարհին’’, ասել է Փոմփեոն:

Ամերիկան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դոնորն է, եւ մեծաթիվ փորձագետներ են ասում, որ ամենեւին ժամանակը չէ կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու համար:

Դյուքի համալսարանի պրոֆեսոր Գեյվին Յամեյի խոսքերով, ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը չափազանց տարօրինակ, անհասկանալի որոշում է, որից առավել վնասակար գործողություն ինքը պատկերացնել չի կարող:

Նա նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից աշխարհի տարբեր երկրների ցուցաբերվող գիտական առումով օգնությունը, թեստավորման ու պաշտպանիչ պարագաների հատկացումը:

Իսկ Փոմփեոն հայտարարում է, թե կորոնավիրուսի դեմ պայքարը ղեկավարում է ԱՄՆ-ը, որը նրա խոսքերով, 100 երկրների հատկացնում է 775 միլիոն դոլար:

‘’ԱՄՆ-ը աշխարհում ամենաառատաձեռն պետությունն է, այդպես է եղել անցած երեք տարիներին ու շարունակելու է լինել այդպիսին այս տարի’’, ասել է Փոմփեոն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերքում է Չինաստանի նկատմամբ հակված լինելու մասին մեղադրանքները եւ նույնպես պնդում, որ համաշխարհային համաճարակի ժամանակ ֆինանսավորման դադարեցումը կարող է լինել ճակատագրական:

XS
SM
MD
LG