Մատչելի հղումներ

Մանրամասնություններ` 60 օրով ներգաղթը դադարեցնելու ԱՄՆ-ի նախագահի որոշման մասին


Հրապարակվել են ԱՄՆ ներգաղթը 60 օրով դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի ստորագրած նախագահական հատուկ հրամանագրի մասին հավելյալ մանրամասնություններ: Ինչ վերաբերում է նշված 60 օրերին, Թրամփը չի բացառել կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրների պատճառով այն ավելի երկարաձգելու հնարավորությունը:

Գործադիր հրամանն ազդում է մշտական բնակության` ‘’գրին քարթի’’՛ դիմորդների վրա, որոնք այս պահին գտնվում են ԱՄՆ-ից դուրս: Հրամանագիրը չի տարածվում նրանց վրա, ովքեր արդեն իսկ ԱՄՆ-ում են եւ դիմում են ներգաղթյալի իրենց կարգավիճակը փոխելու խնդրանքով: Բացառություն են կազմում նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիների ամուսիններն ու կանայք, ինչպես նաեւ երեխաները, զինծառայության մեջ գտնվող անձանց ընտանիքները, EB-5 վիզայի համար դիմող մեծահարուստ ներդրողները: Օրենքը չի տարածվում նաեւ ժամանակավոր աշխատանքներ իրականացնող անձանց, ինչպես օրինակ գյուղատնտեսության բնագավառում աշխատողների վրա: Այսինքն` հակառակ Թրամփի այն հայտարարությանը, թե սա մի ‘’հզոր’’ որոշում է, այն իրականում տարածվում է շատ փոքր թվով անձանց վրա:

Վերլուծաբան Լորա Ռիսն այն համարում է ժամանակոր բնույթի, ‘’միջին ուժգնության’’ որոշում, որը տարածվում է առավելագույնը 300,000 անձանց վրա:

Ասենք նաեւ, որ բացառություն են կազմում նաեւ առողջապահական համակարգում աշխատող անձինք ու նրանց ընտանիքները, ովքեր լինելով այլ երկրների քաղաքացիներ, դիմում են ԱՄՆ-ում ‘’գրին քարթ’’ ստանալու համար:

Ինչպես ներգաղթի հարցերով փաստաբան Հասան Ահմեդն է ասում, ներգաղթը դադարեցնելու մասին Թրամփի որոշումը հրապարակվեց շատ անսպասելի կերպով, որից հետո փաստաբանների հեռախոսները չեն լռում անվերջ հարցեր տալու ցանկություն ունեցող հաճախորդների զանգերից:

Հիմա հասկանալի չէ նաեւ, թե ինչ ազդեցություն կթողնի 60 օրվա դադարի մասին հրամանագիրը, երբ ԱՄՆ-ի ներգաղթի ծառայությունները համաճարակի պատճառով առանց այն էլ դադարեցրել էին աշխատանքները եւ վիզաների հետ կապված գործընթացը հետաձգել անորոշ ժամանակով:

XS
SM
MD
LG