Մատչելի հղումներ

60-օրյա դադար` ‘’գրին քարթի’’ դիմումներ ներկայացնողների համար


Թրամփի վարչակազմը հանդես է եկել դեպի ԱՄՆ ներգաղթն առնվազն 60 օրով դադարեցնելու մասին հրահանգով: Խոսքը հատկապես այստեղ բնակություն հաստատելու նպատակ ունեցող անձանց ու ընտանիքների մասին է: Նախագահը հայտարարել է, թե այսպես կոչված ‘’գրին քարթերի’’ հատկացումը ժամանակավորապես կասեցնելու նպատակը կորոնավիրուսի տարածման այս ժամանակահատվածում ամերիկացիներիներին պաշտպանելն է:

Սպիտակ տունը դեռեւս չի հրապարակել նշված ծրագրի մանրամասները: Սակայն Թրամփն ասել է, թե հրահանգը չի տարածվելու մի շարք, օրինակ սեզոնային աշխատանքներ կատարող անձանց վրա:

Ոչինչ չի ասվում այն մասին, թե արդյոք դադարեցնելու մասին հրահանգը վերաբերում է ‘’գրին քարթի’’ համար դիմող բոլոր անձանց, թե միայն նոր դիմորդներին: Խոսք չի գնում նաեւ այն մասին, թե արդյոք այդ հրահանգը տարածվում է ընտանիքների վերամիավորման համար դիմող անձանց, թե ոչ:

Արդյո՞ք ներգաղթը կասեցնելու մասին հրահանգը տարածվում է նաեւ առողջապահական համակարգում աշխատելու նպատակով H-1B տիպի վիզայի համար դիմող անձանց, թե ոչ, որոնք արդեն պատրաստվում էին դիմիել ‘’գրին քարթ’’ ստանալու համար: Այս հարցի պատասխանը եւս չի տրվում, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի առողջապահական համակարգում բժիշկների 28 եւ բուժքույրեր-բուժակների 15 տոկոսը ներգաղթյալներ են:

Նախագահն այս պահին ունի առողջապահական դրդապատճառներով ներգաղթի օրենքներում փոփոխություններ իրականացնելու արդարացում: Բացի այդ, երկրի Գերագույն դատարանը վերջերս էր հայտարարել, որ ճամփորդությունների վրա Թրամփի հաստատած արգելքը չի ոտնահարում սահմանադրությունը: Սա եւս Թրամփին տալիս է գործելու ազատություն:

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա նրանց մեծամասնությունը հավանություն չի տալիս այս ծրագրին: Նրանք կարծում են, որ Թրամփի այս քայլն ունի քաղաքական դրդապատճառներ:

Նախընտրական այս ժամանակաշրջանում Թրամփը հաճախ է հպարտանում, հայտարարելով, որ Չինաստանից հունվար ամսին ճամփորդությունները դեպի ԱՄՆ կրճատելու մասին իր արձակած հրահանգը որոշիչ դեր է ունեցել մեծաթիվ մարդկանց կյանքեր փրկելու գործում:

XS
SM
MD
LG