Մատչելի հղումներ

Կորոնավիրուս. Մահ, բուժում, երաժշտություն, ապաքինում


Կորոնավիրուսով աշխարհում մինչ այժմ վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 276 հազարի: Այս պահին վարակը կրում է 1 միլիոն 544 հազար մարդ, որոնցից 58 հազարը գտնվում են ծանր առողջական պայմաններում: Ապաքինվել է 585 հազար մարդ:

Իսպանիան այսօր մահացությունների թվով անցավ 20 հազարի ցուցանիշը: Մահացությունների թվով Իսպանիան երրորդն է աշխարհում: Ամենաբարձր ցուցանիշը շարունակում է կրել ԱՄՆ-ը, որտեղ մահացել է 37,900 մարդ, վարակակիր է 715,300-ը:

Իտալիայում այսօր կա վարակը կրող 172,500 մարդ: Այստեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 22,750 մարդ:

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին խնդրել է չեղյալ հայտարարել եկող երեքշաբթի օրն իր ծննդյան օրվա կապակցությամբ հրանոթային զարկերի ամենամյա արարողությունը: Սա թագին գտնվելու 68 տարիների ընթացքում այս արարողությունը չեղյալ հայտարարվելու առաջին դեպքն է:

Իսկ երաժշտության աշխարհի աստղերը շաբաթ օրը սկսում են առցանց համերգ` պատվելու համար աշխարհի բժիշկներին ու բոլոր բուժաշխատողներին, որոնք համառ պայքար են մղում ընդդեմ կորոնավիրուսի:

Համերգը սկսվելու է, շաբաթ օրը, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին նախահամերգային վեցժամյա միջոցառմամբ: Այնուհետեւ երկժամանոց բուն համերգը կսկսվի կիրակի օրն առավոտյան 4:00-ին:

Այն ամբողջությամբ ուղիղ կապով հեռարձակվեու է Amazon Prime Video, Facebook, Instagram, TuneIn, Twitch, Twitter եւ YouTube-ի ալիքներով: Համերգին հետեւելու են նաեւ Apple Music, Apple TV եւ Apple Beats 1-ը:

Համերգի նպատակը նաեւ տանը մեկուսացման մեջ գտնվող անձանց զվարճացնելն է ու ոգեշնչելը:

Բոլոր երաժիշտները կատարումները ներկայացնելու են իրենց տներից:

XS
SM
MD
LG