Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում մեծաթիվ երկրների կառավարություններ են կիրառում ‘’անհամաչափ ուժ’’ ընդդեմ մարդու իրավունքների, իրականացնում դաժան հարձակումներ ընդդեմ ցուցարարների, խոսքի ազատության ու քաղաքացիական հասարակության: Այս մասին է ասված Միջազգային համաներում (Amnesty International) կազմակերպության տարածաշրջանային ամենամյա զեկույցում:
Ապրիլի 16-ին հրապարակված աշխատության համաձայն, Բելառուսից մինչեւ Ղազախստան, Ռուսաստանից մինչեւ Ադրբեջան առանց այն էլ ծանր իրադրությանը, այդ երկրների կառավարությունները կորոնավիրուսի պատճառով իրականացնում են արտակարգ ու խիստ միջոցառումներ, որոնք առաջ են բերում մտահոգություն, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել նաեւ ընդդեմ մարդու իրավունքների պաշտպանության:
Ինչպես կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Դանիել Բալսոնն է ասում, նշված երկրներում հաստատված արտակարգ դրությունը կարող է դառնալ ‘’պարարտանյութ մարդու իրավունքները ոտնահարելու համար’’:
Անցյալ տարի հավաքների անցկացման իրավունքը շարունակում էին ոտնահարել մեծ թվով երկրներում, ասված է Միջազգային ներում կազմակերպության զեկույցում: Ռուսաստանում, չնայած նրան, որ իշխանությունները կիրառել են իրավական մարտավարություն ու կիրառել ոստիկանական ուժ` ցրելու համար ցույցերը, մարդիկ դուրս էին գալիս փողոցներ բողոքելու համար ընդդեմ աճող կոռուպցիայի ու մարդու իրավունքների սահմանափակումների: ‘’Հուլիս ամսին, Մոսկվան ականտես եղավ անցած տարիների ընթացքում ամենամարդաշատ ցույցերին, երբ իշխանությունները հրաժարվում էին տեղական ընտրություններում թեկնածու գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին’’, ասված է աշխատության մեջ:
‘’Ցուցարարների դեմ կիրառված ճնշամիջոցներն առաջ բերեցին աննախադեպ համերաշխություն, որն ազդարարում է մարդու իրավունքների զարթոնք Ռուսաստանում’’, ասում է կազմակերպության տարածաշրջանային հարցերով տնօրեն Մարիե Ստրութերսը: Սակայն 2019 թվականի ընթացքում խոսքի ու մամուլի ազատությունն այստեղ շարունակում էր մնալ ճնշման տակ ամբողջ երկրի տարածքում:
Ուկրաինայում, չնայած մամուլում բազմակարծությանը, եղել են լրագրողների դեմ բռնի հարձակումների պարբերական դեպքեր, որոնց հարցով հազվադեպ են հարուցվել քրեական գործեր:
Տաջիկստանում ազգային անվտանգության քողի տակ ճնշումներ ու բռնություններ են իրականացվել ընդդեմ ոչ կառավարական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների եւ խոսքի ազատության ակտիվիստների: Միջազգային ներում կազմակերպության զեկույցի համաձայն, այստեղ շարունակվել է տանջամիջոցների կիրառումը:
Ըստ նույն զեկույցի, Ադրբեջանում առանց այն էլ մռայլ իրավիճակը շարունակվել է անցյալ տարի, որտեղ ‘’լռեցվում է կառավարության դեմ հնչող ամեն մի քննադատություն’’:
Amnesty International կազմակերպության զեկույցն անդրադարձել է նաեւ ազգային ու սեռական փոքրամասնությունների, կրոնական խմբերի ու հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վարվող քաղաքականությանը ու խտրականությանը, պատժին ու բռնություններին:
Երկու այս տարածաշրջաններում շարունակվել են բռնություններն ընդդեմ կանաց ու երեխաների:
Մասնավորապես Հայաստանի մասին հատվածում ասված է, որ Նիկոկ Փաշինյանի կառավարությունը շարունակում է վայելել համամատաբար բարձր ժողովրդականություն, որն իրականացնում է համակարգային կոռուպցիայի դեմ եռանդուն արշավ` միաժամանակ խոստանալով «անցումային արդարադատություն» ՝ ուղղված նախորդ կառավարության կողմից իշխանությունների չարաշահման դեպքերին: Նոր հրատարակված հակակոռուպցիոն ռազմավարությունը խոստանում է ստեղծել մասնագիտացված պետական մարմիններ `կոռուպցիայի դեմ պայքարի համար:
Այստեղ հետաքննություն է սկսվել ընտանեկան 378 բռնությունների գործով: Ըստ նույն զեկույցի Հայաստանում նորից գրանցվել են բռնության դեպքեր սեռական փոքրամասնությունների դեմ, խտրականության դրսեւորումներ` ընդդեմ հաշմանդամություն ունեցող անձանց: