Մատչելի հղումներ

Նավթի արդյունահանման ծավալները կրճատելու որոշման հնարավոր հետեւանքները


ԱՄՆ-ի նախագահը երկուշաբթի օրը թվիրթերյան իր էջում գրել է, թե Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) եւ նավթարդարդույնահանող մի շարք այլ երկրների միջեւ շաբաթավերջին կնքված պատմական գործարքը շատ ավելի կարեւոր է, քան շատերը պատկերացնում են: Ըստ նույն գրառման, նավթի արտահանման ծավալները ամեն օրվա կտրվածքով կկրճատվեն 10 միլիոն տակառի չափով:

Կնքված գործարքն այսպիսով ավարտին է հասցնում նավթի գների շուրջ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի միջեւ մեկ ամիս տեւած հակասությունները: Նավթի մեծ ծավալներով արդյունահանումը դարձել էր համաշխարհային շուկայում նավթի գների նկատելի անկման պատճառ, երբ կորոնավիրուսի պատճառով նվազել է նավթի պահանջարկը:

Անմշակ նավթի ծավալներն ավելի քան 10 տոկոսով կրճատելու մասին գործարքը թվում է, որ շուտով կմտնի ուժի մեջ, քանի որ կրճատելու մասին հայտարությամբ է հանդես եկել նաեւ ԱՄՆ-ը:

Մեծ քսանյակի նավթի արդյունաբերության նախարարներն ուրբաթ օրն էին վերջնական տեսքի բերել համաձայնագրի տեքստը: Ինչպես ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Դեն Բրուլեթն է ասել, ‘’Ներկա ժամանակը պահանջում է, որ բոլոր պետությունները լրջորեն քննարկեն այն հարցը, թե ինչ կարող են իրենք անել, ճշտելու համար արտադրություն-պահանջարկ անհավասարակշռությունը’’:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Օբրադորն ասել է, թե Միացյալ Նահանգները համաձայնվել է իր նավթի արդյունահանումը կրճատել օրական հավելյալ 250 հազար տակառով, այս խնդրում Մեքսիակային օգնելու նպատակով: Այս մասին Օբրադորի հետ հեռախոսազրույցում խոստացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որից հետո Մեքսիկան հայտարարել է օրական 100 հազար տակառի չափով նավթի արդյունահանումը կրճատելու մասին:

ՕՊԵԿ+-ը, որն իր մեջ է ընդգրկում նաեւ Ռուսաստանը, հայտարարել է արդյունահանումը մայիս եւ հունիս ամիսներին կրճատելու մասին: Արդյունահանման ծավալներն այնուհետեւ կսկսեն աստիճանաբար բարձրանալ մինչեւ 2022 թվականը:

Հուլիսից մինչեւ դեկտեմբեր ամիսները նավթի արդյունահանման ծավալներում կրճատումները կկազմեն օրական արդեն 8, որից հետո` 6 միլիոն տակառ:

Կորոնավիրուսի համաշխարհային համաճարակը նավթի պահանջարկը սկսեց կրճատել դեռեւս մարտ ամսից, եւ անմշակ այս հանածոյի մեկ տակառի գինն իջել էր 31 դոլարի: Մարտի վերջին գները, շարունակելով իջնել, հասել էին 22 դոլարի: Սա անցած 18 տարիների ընթացքում նավթի գնի ամենացածր ցուցանիշն է:

Որոշ վերլուծաբաններ չեն կարծում, որ արդյունահանման ծավալների համաձայնեցված կրճատումը կհանգեցնի նավթի գների աճին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաճարակի պատճառով սկսված տնտեսական անկումը կարող է ձգվել դեռ երկար ժամանակ, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էին Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը:

Ու եթե նավթի գները շարունակեն մնալ ցածր, արդյունքում կընկնեն նաեւ պլաստիկ ապրանքների գները: Դա դրական ազդեցություն կունենա սպառողների համար, սակայն իրենց տարեկան բյուջեում նկատելի անկում կգրանցեն նավթարդյունահանող երկրները:

XS
SM
MD
LG