Գերմանիայի Էրլանգենի համալսարանային հիվանդանոցում գիտնականները հույս ունեն օգնել կորոնավիրուսից տառապող հիվանդներին: Նրանք այստեղ գտնվող ծանր հիվանդներին ներերակային եղանակով ներարկում են կորոնավիրուսով վարակված ու ապաքինված անձանցից վերցված իմունային պլազմա: Էրլանգենի փոխներարկումների բաժանմունքի ղեկավար Հոլգեր Հաքշտայնի խոսքերով, իմունային պլազման կարող է օգնել, քանի որ այն կրում է հատուկ հակամարմիններ: Նա շեշտում է սակայն, որ այս թերապիան, որը կարող է դառնալ կորոնավիրուսով հիվանդանոց տեղափոխված անձանց օգնության մի ձեւ, ինքնին պատվաստանյութ չէ:
Պրոֆեսորի խոսքերով, ինքը մեծ հույսեր է կապում դոնորների հետ, որոնք կհամաձայնվեն տալ իրենց պլազման, որը մանրազննին քննության ենթարկվելուց հետո կտեղափոխվի կովիդ 19-ով տառապող մարդկանց օրգանիզմ:
Նախորդ չորս օրերի ընթացքում կորոնավիրուսի տարածման արագությունը կրճատած Գերմանիայում հինգշաբթի օրը, երրորդ հաջորդական օրը լինելով, նորից գրանցվել է հիվանդության դեպքերի ավելի մեծ թվով աճ:
Գերմանիայի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի խոսքերով, հիվանդության դեմ պայքարում սա այս պահին կարող է դառնալ ‘’ամենաարժեքավոր մոտեցումներից մեկն ու ամենախոստումնալիցը’’: