Ակնկալվում է, որ կորոնավիրուսից մահացությունների թիվն ԱՄՆ-ում մոտ ժամանակներում նկատելիորեն աճելու է: Այդ պատճառով երկրի նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է հասարակական հեռավորություն պահպանելու հրահանգը մինչեւ ապրիլի վերջը:
Նա ասել է նաեւ, թե հույս ունեն, որ մինչեւ հունիսի սկիզբը ԱՄՆ-ում կսկսվի ապաքինման ժամանակը:
Կորոնավիրուսի տարածումը զսպելու համար ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հրպարակել է խորհուրդների ցանկ, ըստ որի արեւելյան ափի Նյու Ջերսի, Նյու Յորք եւ Քոննեքթիքուտ նահանգների բնակիչներին կոչ է արվում եկող երկու շաբաթների ընթացքում ավելի կրճատել երթեւեկությունը:
Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին ասել է, թե այս ընթացքում արագացվելու են թեստավորման աշխատանքներն այստեղ: Նոր մեթոդը թույլ է տալու թեստավորման պատասխանը ստանալ ոչ թե մի քանի օրերի, այլ`րոպեների ընթացքում:
Ինչպես նախագահ Թրամփն է ասել, ‘’Նոր թեստավորումը կազմել է Abbot Labs ընկերությունը: Նոր մեթոդը թույլ է տալիս պատասխանը ստանալ հինգ րոպեի ընթացքում’’: Նրա խոսքերով, այն մեծապես կնպաստի կորոնավիրուսի դեմ պայքարին:
Այս շաբաթվանից սկսած Abbot Labs-ը օրական կանցկացնի 50 հազար թեստավորում:
Սակայն վարակը դեռեւս արագ տարածվում է երկրում: Լուիզիանա նահանգը վերջին մի քանի օրերին դարձել է այս վարակի գլխավոր թիրախը:
Նահանգապետի խոսքերով, իրենք արդեն զգում են շնչառությանը նպաստող սարքերի պակաս: Նույն վիճակն է տիրում մյուս նահանգներում նույնպես:
Թրամփն ուժի մեջ է դրել Պաշտպանական արտադրության մասին ակտը, որի համաձայն General Motors ընկերությունը պիտի սկսի նման սարքավորումների արտադրություն:
Իսկ այս ընթացքում բժիշկները նախապատրաստվում են հիվանդության գագաթնակետին, որը մահացությունների իր ամենաբարձր ցուցանիշներով Ամերիկայում կսկսվի երկու շաբաթից: