Մատչելի հղումներ

Ղարաբաղում ականազերծման ծրագիրը դադարեցված է, սակայն պայքարն այն վերականգնելու համար շարունակվում է


ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է ԼՂ-ում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Ամերիկահայ կառույցները շարունակում են պայքարն այս ուղղությամբ

ԱՄՆ վարչակազմը վերահաստատել է իր 2019 թվականի որոշումը Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու մասին: Այն պնդում է՝ ականազերծման ծրագիրը, որն իրականացնում է բրիտանական Halo Trust կազմակերպությունը, ավարտված է: Չնայած Halo Trust-ի ֆինանսավորման երկարացման խնդրանքին հայտնաբերված նոր տարածքների ականազերծման համար, վարչակազմն այս հացրում մնաց անդրդելի:

Ի պատասխան ծրագրի մասին մի շարք կոնգրեսականների հարցումներին, պետքարտուղարի օգնական Մերի Թեյլորն ու USAID տնօրենի օգնական Ռիչարդ Փարկերը պատասխան նամակում մատնանշել են, որ 2017 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության շրջանում չի եղել ականներից որևէ զոհ: Այժմ քննարկվում է օժանդակության նոր հնարավորություն, մասնավորապես բնակչության նախապատրաստումը խաղաղության:

Ամերիկահայ լոբբիստական կառույցները, սակայն, վստահեցնում են՝ այս ծրագրի շուրջ պայքարը ավարտված չէ: Աշխատանքներն ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով:

՛՛Վերջացած չէ այս աշխատանքը. Կշարունակվի պայքարը , որ կարողանանք Արցախի օժանդակության ծրագիրը փրկել և ընդլայնել՛՛,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի մամլո խոսնակ Եղիսաբեթ Չուլճյանը:

՛՛Այժմ պայքարում ենք այս ծրագրի երկարացման համար, որպեսզի այն չդադարեցվի ու գումարներ հատկացվեն Արցախում ականազերծման ծրագրին՛՛,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ կապերի պատասխանատու Մարիամ Խալոյանը:

Ծրագրի պահպանման աշխատանքները նախկինում ևս տեղափոխվել են ԱՄՆ Կոնգրես:

՛՛Շատ հստակ է, որ գործադիր մարմինը՝ թե Սպիտակ տունը և թե արտգործնախարարություոնը, 1998 թվականից, երբ սկսվեց Արցախին օգնություն ցույց տալու ծրագիրը, դեմ էին դրան: Ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսի հետ աշխատանքներ ենք տանում, որպեսզի կարողանանք պահել այս մարդասիրական ծրագիրը՛՛,- ընդգծում է Չուլճյանը:

Կոնգրեսում աշխատանքները 2020-21 թթ. արտաքին հատակացումների բանաձևի շուրջ մեկնարկել են վերջերս: 75 կոնգրեսականներ արդեն հանդես են եկել նամակով, ուր ընդգծել են, որ ականները շարունակում են մեծապես վտանգել Ղարաբաղում խաղաղ բնակչությանը: Նրանք կոչ են անում ներառել արտաքին հատկացումների բանաձևում Ղարաբաղում ականազերծման համար 1.5 միլ դոլար տրամադրելու դրույթը:

Ֆինանսավորման դադարեցումը հաճախ կապվում է նաև ամերիկյան այս վարչակազմի քաղաքականության հետ արտաքին օգնության հարցում:

՛՛Ինչպես հայտնի է այսօր շատ են արտաքին օգնության հետ կապված հատկացումների կրճատումները, որն իրականացնում է այս վարչակազմը: Ցավոք, դրանց թվում է նաև Արցախին հատկացվող օգնությունը՛՛,- փաստում է Մարիամ Խալոյանը:

Ամերիկահայ շրջանակներն ընդգծում են ծրագրի մարդասիրական բնույթը: Ամերիկահայ կառույցները պնդում են՝ 2001 թվականից ի վեր հաջողվել է դուրս բերել հազարավոր ականներ՝ հնարավորւոյւն տալով ականազերծված հողերը օգտագործել գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Ծրագիրը նաև կարևոր է խաղաղության պահպանման հարցում, որի դադարեցմամբ, ամերիկահայ լոբբիստների կարծիքով, Բաքուն կստանա սխալ ազդանշան Վաշինգտոնից:

Facebook Forum

XS
SM
MD
LG