Մատչելի հղումներ

Իտալիան համաճարակի էպիկենտրոնում. Պայքար մարդկանց կյանքի համար


Իտալիան երկրորդն է Չինաստանից հետո կորոնավիրուսի համաճարակի տարածվածությամբ: Իտալական Բերգամո քաղաքը համաճարակի էպիկենտրոնում է

Իտալիայում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է տարածում ապրել: Իտալացի բժիշկ Լուկա Լորինին, ով ղեկավարում է վերակենդանացման բաժինը Բերգամոյի հիվանդանոցում, պատմում է, որ իր 80 հիվանդների համար նախատեսված բաժինը ամբողջապես զբաղեցված է: 80 հիվանդներից 66-ը միացրած են արհեստական շնչառության սարքին:

Հիվանդանոցում բացի այս բաժնից կան նաև 450 այլ մահճակալներ, որոնք ևս ամբողջապես զբաղեցրած են կորոնավիրուսով վարակված հիվանդներով: Հիվանդանոցը կոչ է անում այն հիվանդներին, ովքեր չունեն բարդություններ, այս պահին մնալ տանը:

Բժիշկ Լորինին պատմում է, որ ոչ մի հարազատ չի կարող այցելել հիվանդին հիվանդանոցում: Ըստ նրա՝ այստեղ հայտնված մարդկանց 5 տոկոսը մահանում է համաճարակից: Հարազատներին այս ողբալի լուրը հայտնելու պարտավորությունը ևս բժիշկներինն է:

Սակայն սգալու ժամանակ չի մնում, ասում են բժիշկները: Անհրաժեշտ է պայքարել մնացած հիվանդների վերականգման համար: Այս օրերին գրանցվում են նաև ապաքինման դեպքեր: Ամեն օր մոտ 4 հիվանդ ապաքինվում է և լքում հիվանդանոցը՝ ազատելով մահճակալը, որն անմիջապես զբաղեցնում է մեկ այլ հիվանդ:

Իտալիայում այս պահին գրանցվել է ավելի քան 35 հազար հիվանդության դեպք, որից 4 հազարը միայն Բերգամոյում է: Այն Իտալիայում համաճարակի էպիկենտրոն է: Զոհերի թիվն այստեղ անցել է 400-ը: Քաղաքը ամայացած է: Չկա որևէ շարժ: Միակ ակտիվությունը հիվանդանոցում է, ուր բժիշկները պայքարում են մարդկանց կյանքի համար:

Իտալիան Չինաստանից հետո կորոնավիրուսից երկրորդ ամենաշատը տուժած երկիրն է: Երկրում արտակարգ իրավիճակ է: Ընդհանուր մահացածների թիվը մոտեցել է 3000-ի: Մահացածների մեծ մասը 80-89 տարեկան են, իսկ 23 տոկոսը՝ 65 տարեկանից բարձր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով փոքր հիվանդություններ ունեցող մարդիկ որպես կանոն վերականգնվում են կորոնավիրուսից երկու շաբաթվա ընթացքում: Ավելի լուրջ հիվանդների ապաքինման ժամկետը կազմում է 3-4 շաբաթ: Այս պահին հիվանդությունից առողջացել է ավելի քան 80 հազար մարդ, որի մեծ մասը Չինաստանից են:

Facebook Forum

XS
SM
MD
LG