Մատչելի հղումներ

Կորոնավիրուսը խաթարում է կրթական գործընթացը


Միացյալ Նահանգներում և այլ երկրներում կորոնավիրուսի համաճարակի պատճառով փակվել են կրթական հաստատությունները: Շատ միջազգային ուսանողներ ստիպված են դադարեցնել ուսումն ու վերադառնալ իրենց երկրներ

ԱՄՆ-ում բազմաթիվ համալսարաններ փակել են իրենց դռները կորոնավիրուսի համաճարակի արդյունքում: Այժմ համալսարաններից շատերն անցնում են առցանց ուսուցման ձևաչափին:

Դրանց թվում են նաև այն համալսարաններն, ուր ուսանում են բազմաթիվ միջազգային ուսանողներ, ներառյալ Կալիֆոռնիայի, Նյու Յորքի, Փենսիլվանիայի, Կոլումբիայի համալսարանները: Միջազգային ուսանողներն առերեսվում են նաև այլ դժվարությունների ՝ կապված միջազգային թռիչքների չեղարկման հետ:

Սակայն ուսանողներից ոմանք գերադասում են վերադառնալ Միացյալ Նահանգներ: Նրանց հարազատների տեղեկությամբ շատ դեպքերում օդանավակայնները չեն իրականացնում բուժզննում վերջիններիս ժամանումից հետո:

Այս օրերին կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում: Ուսանողներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Համալսարանը տեղեկացնում է, որ ուսանողը ճանապարհորդել էր Միացյալ Նահանգների տարածքում և վերադարձել համալսարան, որից հետո նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Համալսարանը վստահեցնում է, որ պատշաճ իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները համալսարանի անձնակազմի ու ուսանողների անվտանգությունն ապահովելու համար:

Համալսարանում դադարեցվել են դասընթացները: Բոլոր ուսանողներին խնդրել են լքել համալսարանի տարածքը և դուրս բերել բոլոր անձնական իրերը մինչև մարտի 23-ը: Հայտարարված են արձակուրդներ մինչև այս կիսամյակի ավարտը:

Այս որոշումը բազմաթիվ բողոքների առիթ է դարձել ծնողների շրջանում, քանի որ շատ ուսանողներ արդեն լքել են Վաշինգտոնը: Համալսարանի պահանջը անձնական իրերի դուրս բերման վերաբերյալ կապված է հավելյալ ծախսերի ու ուսանողների անվտանգության հետ, նշում են ծնողները:

Կորոնավիրուսի համաճարակից առաջ բազմաթիվ ուսանողներ, ներառյալ Չինաստանից, լքել են ԱՄՆ՝ արձակուրդներին տուն մեկնելու նպատակով: ԱՄՆ-ում ուսանում են ավելի քան 300 հազար ուսանողներ Չինաստանից, որոնք հունվարին վերադարձել են ամերիկյան համալսարաններ՝ ուսուցումը շարունակելու համար:

Հաշվի առնելով համաճարակի հետ կապված իրավիճակը՝ համալսարանները որոշում են կայացնում չեղարկել նաև համալսարանի ավարտի կապակցությամբ ավանդական միջոցառումները:

XS
SM
MD
LG