Մատչելի հղումներ

Ռուս-թուրքական համաձայնություն՝ Սիրիայի հարցով


Հինգշաբթի օրը բանակցություններ սկսեցին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը, որոնք փորձում են ավարտին հասցնել Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածում շարունակվող ռազմական գործողությունները։ Կողմերը հայտարարեցին, որ հարկավոր է ավելին անել միմյանց միջեւ հարաբերությունների վատթարացումը կանխելու ուղղությամբ։

Մինչեւ վերջին ճգնաժամը, Պուտինն ու Էրդողանը կարողացել են համակարգել իրենց հետաքրքրությունները Սիրիայում, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, Անկարան՝ Սիրիայի կառավարության թշնամի ուժերին։

Ապստամբ ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբը ռուսների աջակցությամբ հետ գրավելու Սիրիայի կառավարական ուժերի կողմից սկսված գործողություններից հետո էր Թուրքիան այստեղ ուղարկել հազարավոր թվակազմով զորքեր՝ առաջ բերելով Մոսկվայի զայրույթը։

Վերջին հաղորդագրությունների համաձայն, Իդլիբում սիրիական ուժերի կողմից սկսված ռազմական գործողությունների արդյունքում հինգշաբթի օրը սպանվել է թուրք եւս մեկ զինվորական, փետրվար ամսից ի վեր թուրքական կողմի կորուստների թիվը հասցնելով 59-ի։

Այն բանից հետո, երբ Թուրքիան մի քանի օր առաջ կործանեց Սիրիային պատկանող մի քանի ռազմաօդանավ, Մոսկվան նախազգուշացրեց Անկարային, որ վերջինիս ռազմաօդանավերի թռիչը Սիրիայի օդային տարածքում չի կարող լինել անվտանգ։ Սա թվաց ռազմական ուժ կիրառելու հնարավորության մասին սպառնալիք։ Այնպես որ, Իդլիբը դարձել է ռուս-թուրքական հարաբերությունները ճշտելու միջոց։

Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, Թուրքիան չի կարող թույլ տալ ռազմական բախում միջուկային տերություն համարվող Ռուսաստանի հետ, որքան էլ Էրդողանը Թուրքիայում հանդես գա նման հռետորաբանությամբ։ Սակայն Թուրքիան ունի Ռուսաստանի հետ սակարկելու համար ամուր դիրքեր։ Առաջին հերթին խոսքը թուրքական նեղուցներով իր զորքերին դեպի Սիրիայի իր ռազմաբազաները տեղափոխելու Ռուսաստանի իրավունքի մասին է։ Մոսկվան նաեւ հույս ունի Արեւմուտքի հետ Թուրքիայի լարված հարաբերություններն օգտագործել իր օգտին։ Հիշեցնենք, որ այդպես Ռուսաստանին հաջողվեց իր արտադրության հրթիռային պաշտպանության համակարգեր վաճառել Թուրքիային, որը դարձավ Ռուսաստանից նման զենքեր գնած ՆԱՏՕ-ի առաջին անդամ պետությունը։

Կողմերի միջեւ հնարավոր փոխզիջումներից կարող է լինել M5 մայրուղին, եթե այն լիովին անցնի Բաշար ալ Ասադի ուժերի վերահսկողության ներքո, որը մայրաքաղաք Դամասկոսը առեւտրային մայրաքաղաք Հալեպին միացնելով, կարեւոր պայման է համարվում Ասադի ուժերի համախմբման համար։ Պուտինը դրա դիմաց կարող է ընդունելի համարել թուրք-սիրիական սահմանում Անկարայի աջակցությունը վայելող զինյալների ներկայությունը, եւ նույնիսկ կարող է կասեցնել Իդլիբի վրա լիակատար վերահսկողություն սահմանելու Ասադի ջանքերը, չնայած այն հանգամանքին, որ Ասադը շարունակում է հայտարարել, թե մինչեւ մյուս հատվածներում հարցերը լուծելը, իր ուժերը Իդլիբը մաքրելու են ապստամբ ուժերից։

Իսկ քանի դեռ Էրդողանը Սիրիայի հարցով բանակցություններ է անցկացնում Կրեմլում, իր երկրի խորհրդարանում սկսվում են բախումներ, երբ պատգամավորներից մեկը մեղադրում է Էրդողանին Սիրիա կատարած ռազմական ներխուժման մեջ։ Ընդդիմադիր պատգամավորներից Էնգիզ Օզքոչը համարձակվել էր ասել, թե ՝՝անպատասխանատու քայլ էր առանց օդային ուժերի աջակցության, ցամաքային զորքերը պատերազմի մեջ մտցնելու որոշումը՛՛։

Վերադառնալով Պուտին-Էրդողան հանդիպմանը, ասենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնվել են հինգշաբթի օրը կեսգիշերից սկսել հրադարար Իդլիբում։ Կողմերը նաեւ եկել են համաձայնության Իդլիբում արեւմուտքն արեւելքի հետ կապող անվտանգության միջանցք հաստատելու եւ այնտեղ մարտի 15-ից համատեղ հսկողություն հաստատելու շուրջ։

XS
SM
MD
LG