Մատչելի հղումներ

Սկսվել է Սուպեր երեքշաբթիի վաղաժամ քվեարկություն


Հարավային Քարոլինայի նախնական ընտրություններում հաղթանակ տարավ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդընը, որն ասում է, թե ինքը կարող է համախմբել դեմոկրատներին` նախագահ Թրամփին հաղթելու համար: Սակայն առջեւում Սուպեր երեքշաբթին է, երբ պատասխան պիտի տա միանգամից 14 նահանգ:
Բայդընը հատուկ շնորհակալություն հայտնեց սեւամորթ կոնգրեսական Ջիմ Քլիբըրնին, որն իր թեկնածությանը հավանություն տալով, կարեւոր դեր խաղաց այս նահանգի սեւամորթ ամերիկացիների աջակցությունն ապահովելու գործում:

Դեմոկրատական կուսակցությունից հավակնորդ սենատոր Բերնի Սանդերսը Հարավային Քարոլինայում զբաղեցրեց երկրորդ տեղը: Սանդերսը մինչ այժմ հավաքած պատվիրակների թվով դեռեւս առջեւում է:


Չնայած Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջեչը սկզբում հայտարարեց մրցապայքարը շարունակելու մտադրության մասին, ավելի ուշ ընդունեց, որ չորրորդ տեղը բավարար չէ ընտրապայքարում հաղթանակ գրանցելու համար ու դուրս եկան պայքարից:

Ընտրապայքարը թողեց նաեւ խոշոր գործարար Թոմ Ստեյերը: Նա վաղուց էր ասել, թե դուրս կգա մրցապայքարից այն պահին, երբ տեսնի, որ այլեւս չունի հաղթանակ տանելու հնարավորություն:
Սակայն չնայած իր համար ոչ խոստումնալից արդյունքին, սենատոր Էմի Քլոբուչարը հաստատակամ է ընտրապայքարը շարունակելու գործում, նույնիսկ այն դեպքում, երբ Սուպեր երեքշաբթիին մասնակցող 14 նահանգներից միայն մեկն է աջակցում իրեն:


Մարտի 3-ի նախնական այս մեծ ընտրությունների օրը առաջին անգամ քվեաթերթիկների վրա կգրվի միլիարդատեր Մայքըլ Բլումբերգի անունը: Նա մինչ այժմ բաց էր թողել նախորդ չորս նախնական ընտրությունները:

ԱՄՆ-ի բնակչության 40 տոկոսը քվեարկում է Սուպեր երեքշաբթի օրը` մարտի 3-ին, որտեղ արդեն իսկ ընթանում է վաղաժամ քվեարկությունը:

XS
SM
MD
LG