Մատչելի հղումներ

Մայքըլ Բլումբերգը կմասնակցի նախագահական հաջորդ բանավեճին


Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքըլ Բլումբերգը որակավորվել է որպես ԱՄՆ-ի նախագահական բանավեճում Դեմոկրատական կուսակցության թեկնածու: Սա նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նոյեմբերյան ընտրություններում պայքարի առաջին կարեւոր հանգրվանն է: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Բլումբերգն այսօր ունի 19 տոկոսի աջակցություն ու հետ է մնում միայն սենատոր Բերնի Սանդերսից, որի նկատմամբ աջակցությունը կազմում է 31տոկոս:

Հաջորդ բանավեճին մասնակցելու իրավունք ստանալու համար պահանջվում էր, որ նախորդ չորս համընդհանուր հարցումների արդյունքում ստանար հարցման ենթարկվածների առնվազն տասը տոկոսի աջակցությունը:
Դեմոկրատ մրցակիցները 62 միլիարդ դոլարի կարողություններ ունեցող Բլումբերգին մեղադրում են Դեմոկրատական կուսակցության թեկնածությունն իր հարստության միջոցով գնելու փորձերի մեջ:

Բլումբերգը մինչ այժմ 400 միլիոն դոլար է իր ընտրարշավի ժամանակ ծախսել տարբեր տեսակի գովազդների համար:
Նախկին քաղաքագլուխը չի պատրաստվում մրցակցել եկող շաբաթ օրը Նեւադայում անցկացվելիք ընտրական հավաքներին եւ ոչ էլ Հարավային Քարոլինայի նախնական ընտրություններին, այլ պատրաստվում է կենտրոնանալ մարտի 3-ի ընտրությունների վրա, երբ նախնական ընտրություններ են անցկացվելու 14 նահանգներում միաժամանակ:

Ինչպես Նեւադայի համալսարանի պատմության դասախոս Մայքըլ Գրինն է ասում, մինչեւ այդ տասնչորս նահանգներում ընտրությունները, շատ կարեւոր է Նեւադան, քանի որ, եթե առաջին երկու նահանգները, որտեղ անցկացվեցին նախնական ընտրությունները, հիմնականում միատարր են, Նեւադան ունի ավելի բազմազան բնակչություն: Այստեղ բնակչության մեկ չորրորդը լատինամերիկացիներ են, տասը տոկոսը ասիացիներ են: Տասը տոկոս են կազմում նաեւ սեւամորթ ամերիկացիները:

Նրա խոսքերով, այս նահանգում Բլումբերգը եւս մեծ գումարներ է ներդրել գովազդների համար: Սակայն ներկա պահին կարեւորն այն չէ, թե որ հավակնորդը կհաղթի այս նահանգում, այլ այն, թե իր նախորդ դիրքերի համեմատ որ թեկնածուն կգրանցի նկատելի առաջընթաց:

XS
SM
MD
LG