Մատչելի հղումներ

Միջինարեւմտյան նահանգների կարեւորությունը` նախագահական ընտրություններում


2016 թվականին Դոնալդ Թրամփը 3 միլիոն ազգաբնակչություն ունեցող Վիսկոնսին նահանգում Հիլարի Քլինթոնի նկատմամբ ստացավ 25 հազար ձայնի առավելություն: Այս նահանգում հաղթանակը նրան օգնեց վերջնական հաղթանակ տանել իր մրցակցի նկատմամբ:
Ինչպես տեղացիներից շատերն են ասում, Քլինթընի սխալն այն էր, որ նա չեկավ ու ընտրարշավ չանցկացրեց այստեղ: Այլապես, ասում են նրանք, նա կարող էր դառնալ նախագահ:

Երեք նահանգներում` Վիսկոնսինում, Միչիգանում եւ Փենսիլվանիայում անցկացված հարցումները ցույց էին տալիս, որ առջեւում Քլինթոնն էր: Սակայն այս երեք նահանգներում էլ հաղթեց Թրամփը, որն ի տարբերություն իր մրցակցի, այստեղ անցկացրեց հանդիպումներ ու քարոզարշավ:

Վիսկոնսինում մեծ թիվ էին կազմում չկողմնորոշված ամերիկացիները: Ու նրանք իրենց վերջնական որոշումը կայացրին հօգուտ Թրամփի, երբ վերջինս այստեղ կատարեց բազմակի այցեր:
Մյուս գործոնը, ըստ վերլուծաբանի, կրթվածության մակարդակն է:
Նախկինում ավելի բարձր կրթություն ստացած անձինք քվեարկում էին հանրապետականների օգտին, ավելի քիչ կրթվածները`դեմոկրատների: Սակայն 2016-ը խախտեց այս ընթացքը միջինարեւմտյան այս նահանգներում, որտեղ Թրամփն ուժեղ աջակցություն ստացավ հատկապես սպիտակամորթ եւ բարձրագույն կրթություն չստացած ամերիկացիների կողմից:


Հիմա դեմոկրատներին համակրող ընտրողներն այստեղ ասում են, թե կուզենային, որ կուսակցության վերջնական թեկնածուն այս անգամ չապավինի հարցումների արդյունքներին, այլ ավելի շատ ուշադրություն դարձնի նահանգի բնակչությանը ու չհրաժարվի հավաքներից:

Հարցումները հիմա էլ ցույց են տալիս, որ Թրամփի դեմոկրատ գլխավոր մրցակիցները, այդ թվում նախկին փոխնախագահ Ջո Բայդընն այս նահանգներում ունեն որոշ առավելություն Թրամփի նկատմամբ: Սակայն այստեղ լավ են ըմբռնում, որ ամեն ինչ կարող է փոխվել վերջին ամիսների, շաբաթների ու օրերի ընթացքում, կախված այն հանգամանքից, թե վերջնական ինչ տպավորություն այս նահանգներում կթողներ Թրամփն ու նրա դեմոկրատ մրցակիցը:

XS
SM
MD
LG