Կրոնական ազատության ու անվտանգության փոխկապակցվածության մասին օրերս քննարկում ընթացավ ԱՄՆ Սենատում Աշխարհում կրոնական ազատությունների վերաբերյալ Միացյալ Նահագների հանձնաժողովի հովանու ներքո: Քննարկման բանախոս ԵԱՀԿ-ն ներկայացնող ավագ խորհրդական Քիշան Մանոչը հնչեցրեց ԵԱՀԿ-ի անհանգստությունն այս առիթով:
«ԵԱՀԿ անդամ շատ երկրներ օգտագործում են անվտանգության փաստարկը մարդու կրոնական ազատության կամ համայնքների ազատ դավանանքի իրավունքների սահմանափակման համար»,- հայտարարեց ԵԱՀԿ-ի կրոնական ազատություների հարցով ավագ խորհրդական Քիշան Մանոչը
Այս խնդրի շուրջ ԵԱՀԿ անցած տարվա զեկույցը տալիս է կազմակերպության միանշանակ դիրքորոշումը՝ իր անդամ երկրների անվտանգության հարցերով մտահոգությունները չպետք է առիթ դառնան մարդկանց կրոնական ազատությունների սահմանափակման համար:
ԱՄՆ պետքարտուղարությունը ևս կիսում է այս մոտեցումը: Ավելին, քննարկմանն այս գերատեսչության ներկայացուցիչ Դուգլաս Փաթգեթը կոչ է անում բացառել կրոնական ազատության իրավունքների ու անվտանգության մտահոգությունների միջև հավասարակշռության պահպանման մոտեցումը:
«Այս իմաստով հավասարկշկության պահպանման մասին մոտեցումները ապակողմնորոշիչ են»,- ընդգծում է Փաթգեթը:
Նրա կարծիքով կրոնական ազատությունների պաշտպանությունը զգալիորեն նպաստում է կայուն անվտանգության ապահովմանը:
«Մենք ցանկանում ենք երկխոսել, թե ինչպես հասնել կայուն անվտանգությանը կրոնական և այլ ազատությունների ապահովմամբ և պաշտպանությամբ, այլ ոչ թե դրանց հավասարակշռության միջոցով անվտանգության մտահոգությունների հետ»,- նշում է նա:
Քննարկմանն անդրադարձ եղավ նաև կրթության ոլորտի ու կրոնական ազատությունների հիմնախնդիրներին: Միջոցառման բանախոս պրոֆեսոր Էլիզաբեթ Քլարկն անդրադարձավ նաև Հայաստանում վերջին շրջանում ծավալված Հայոց եկեղեցու պատմություն առարկայի՝ հանրային դպրոցներում դասավանդման հարցին: Բանախոսն ընդգծում է խտրականության բացառման կարևորությունը:
«Անկախ նրանից, թե ինչպիսի լուծում կտա համակարգն այս հարցին, կարևոր է, որ այն չունենա խտրականության հիմքեր: Հաճախ պետությունն անդրադառնում է հասարակությանն ամենամեծ խմբի կրթության ոլորտի կարիքներին՝ առանց հաշվի առնելու թե ինչպես է դա անդրադառնալու կրոնական փոքրամասնությունների վրա կամ ինչպես է պաշտպանելու կրոնական ազատությունները դպրոցներում»,-նշում է Քլարկը:
Բանախոսները վստահ են, որ ընդհանուր առմամբ կրթությունը մեծ դեր ունի անվտանգության հարցում, ուստի երկրները պետք է բացառեն կրոնական ծայրահեղականության ու խտրականության դրսևրումները կրթական ոլորտներում ու դասագրքերում: Որպես լավ օրինակներ այս առումով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հիշատակեց Իրաքի Քրդստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի օրինակները, որտեղ ծայրահեղականության ու խտրականության բառապաշարի վերացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել:
Facebook Forum