Նյու Հեմփշիրում անցկացվելիք նախնական ընտրություններում ընտրողները կորոշեն, թե Դեմոկրատական կուսակցությունից որ հավակնորդին կուզենային տեսնել որպես նախագահի թեկնածու` ընդդեմ Դոնալդ Թրամփի: Մինչ այդ յուրաքանչյուր հավակնորդ փորձում է ընտրողներին համոզել, որ լավագույն թեկնածուն հենց ինքն է:
Ինչպես նախկին փոխնախագահ Ջո Բայդընն է ասում, աշխարհը խառնաշփոթի մեջ է, իսկ Ամերիկան կորցնում է իր դաշնակիցներին: Նրա խոսքերով, Պարսից ծոցում Ամերիկան չունի օգնություն: ‘’Մենք հայտնվել ենք մի կացության մեջ, որտեղ աշխարհը ցանկանում է պարզել, թե ի վերջո ինչ ենք ուզում մենք’’, ասում է նա, ու ավելացնում, որ ինքն ունի այս հացերի պատասխանները:
Նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջեջին հաջողվում է միլիարդատերերից ու մեծ կորպորացիաներից միլիոնավոր դոլարների նվիրատվություններ ստանալ իր ընտրարշավի համար: Նրա խոսքերով, ինքը համախմբում է նրանց եւ հաստատ համոզված է, որ ‘’վերքերը բուժվելու են ոչ թե արժեքների հաշվին, այլ արժեքների անունից’’:
Սենատոր Էլիզաբեթ Ուորենի խոսքերով սակայն, միլիարդատերերի դաշինքը չէ, որը պետք է առաջ տանի երկիրը: ‘’Հիմա էլ տեսանելի է, թե ինչպես է կառավարությունն աշխատում ի շահ վերին օղակներում աստիճանաբար նոսրացող շերտի համար’’, ասում է նա, նկատի ունենալով հարստության գերկուտակումը գերհարուստների ձեռքերում:
Իսկ նախագահը, ոգեւորված Սենատում իր դեմ իմփիչմենթի հարցով անցկացված դատավարության արդյունքում արդարացվելու փաստից, թվիթերյան իր էջում գրում է, թե դեմոկրատները ‘’գժվել են’’ եւ որ ‘’արժանապատվությունն ու ճշմարտությունն այլեւս նրանց չեն հետաքրքրում’’: Նա Դեմոկրատական կուսակցությանը համարում է ‘’մեծապես վնասված’’:
Բայդընը, Բութեջեջը եւ Ուորենը եւ մյուս չորս հավակնորդներից յուրաքանչյուրը հույս ունեն, որ Նյու Հեմփշիրում երեքշաբթի օրը հենց իրենք են հավաքելու այնքան ձայն, որն իրենց կտա պայքարը շարունակելու իրավունք: