Millennium Biltmore հյուրանոցը 1920-ականներին հայտնի է դարձել որպես այդ օրերի հոլիվուդյան հայտնի պրոդյուսերների հավաքատեղի: Պատմում են, որ Օսկարի մրցանակաբաշխության արձանիկի դիզայնը ստեղծվել է հենց այստեղ: Մի խումբ մարդկանց քննարկման արդյունքում անձեռոցիկի վրա պատկերվել է առաջին անգամ հայտնի այս արձանիկը:
Թե ինչ է եղել արձանիկը պատկերող այդ անձեռոցիկի հետ, ոչ ոք տեղյակ չէ: Կարծիք կա, որ այն կորել է դեռևս այդ օրերին:
Սակայն դա չխանգարեց արձանիկի պատրաստմանը, և 1929 թվականին տեղի ունեցավ Ամերիկյան կինոակադեմիայի առաջին մրցանակաբաշխությունը, որը կայացավ Ռուզվելտի անվան հյուրանոցում:
Տարիներ անց այն տեղափոխվեց Biltmore հյուրանոց, ուր անցկացվեցին ութ մրցանակաբաշխության միջոցառումներ:
Այստեղ եկած այցելուները ծանոթանում են մրցանակաբաշխության ողջ պատմությանը:
«Այս սրահը ի սկզբանե կառուցվեց Օսկարն անցկացնելու համար: Այստեղ կառուցապատման և վերակառուցման աշխատանքներ ընթացան, անգամ որոշ չափով իջեցվեց առաստաղը»,- ասում է Millennium Biltmore հյուրանոցի վաճառքի ու մարկետինգի գծով տնօրեն Անա Սեգուարը:
Հարուստ պատմություն ունեցող այս հյուրանոցը ժամանակին եղել է ոչ միայն հոլիվուդյան աստղերի ու պրոդյուսերների հավաքատեղի, այլ նաև իր շուրջն է համախմբել բազմաթիվ հարուստ հաճախոդների՝ գանգստերներից մինչև գործարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր այստեղ էին գալիս ԱՄՆ-ում ոգելից խմիչքներն արգելող օրենքի կիրառման տարիներին՝ 1920-1933 թվականներին: Այդ ժամանակ հյուրանոցում գործում էր ոգելից խմիչքներ վաճառող գաղտնի մի բար:
Անգամ այսօր այս հյուրանոցը շարունակում է լինել հայտնի աստղերի սիրած վայրերից մեկը: Տեղի աշխատակիցները բազմաթիվ պատմություններ են հիշում կապված հայտնի կինոդերասանների հետ: Օրինակ, բարմեն Ջեյմը հիշում է, թե ինչպես է ինքնագիր վերցրել Ալ Պաչինոյից այն բանից հետո, երբ սկզբում չճանաչելով դերասանին՝ ցանկացել է կանչել անվտանգության աշխատակիցներին:
Օսկարի մրցանակաբաշխությունը տարիներ ի վեր չի անցկացվել այստեղ: Հոլիվուդի Դոլբի թատրոնը դարձել է կինոակադեմիայի մրցանակաբաշխության անցկացման հիմնական վայր, սակայն լեգենդար Biltmore հյուրանոցը շարունակում է կարևոր տեղ ունենալ այս ոլորտում: Սովորաբեր ամեն տարի փետրվար ամսին նախքան մրցանակաբաշխությունը հյուրանոցի պատերի ներքո անցկացվում է մրցանակաբաշխության հետ կապված հատուկ երեկո:
Facebook Forum