Մատչելի հղումներ

Ամերիկահայ լոբբիստական գործունեության առանձնահատկությունները. Հայ դատի հանձնախումբը բացում է փակագծերը


Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնում անցավ քննարկում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա էթնիկ խմբերի ազդեցության մասին: Լոբբիստական ակտիվության ամերիկահայ փորձը ներկայացրեց Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը:

Վերջին 20-30 տարիների ընթացքում ամերիկահայ համայնքը մեծ առաջընթաց է գրանցել և արդյունքի հասել ԱՄՆ-ում պահանջն առաջ մղելու հարցում, ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնում ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա էթնիկ խմբերի ունեցած ազդեցության շուրջ քննարկմանը, որի մյուս բանախոսն էր ամերիկաուկրաինացի քաaղաքագետ Օլենա Լենոնը:

«Ամերիկայում հայերն իրենց շահերն են սկսել պաշտպանել այն պահից, երբ այստեղ հաստատվեց հայկական ներկայությունը»,- ասում է Համբարյանը:

Համբարյանի խոսքերով ամերիկահայության շահերի պաշատպանության կազմակերպումը անցել է մի շարք պատմական շրջափուլերով: 19-րդ դարի կոտորածներից մինչև Ցեղասպանություն, Սառը պատերազմ և հետխորհրդային տարիներ: Պատմական այս առանցքների ներքո է ձևավորվել ամերիկահայ համայնքի շահերի պաշտպանության քաղաքական ուղեգիծը: Համբարյանը ներկայցնում է այսօրվա օրակարգը:

«ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդում, ղարաբաղյան հակամարտության կամ, ըստ մեզ, արցախյան հակամարտության կարգավորում ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, ինչպես նաև արդարության վերականգնում Հայոց ցեղասպանության հարցում: Մենք հույս ունենք, որ այս հարցում նախագահը գալիք ապրիլին կդիմի ճիշտ քայլի»,- նշում է Համբարյանը:

Կարևորելով երկրի հասարակական կյանքում էթնիկ խմբերի ակտիվ ներգրավվածույունը` Համբարյանն ընդգծում է ՝ Հայ Դատի համնձնախումբը մեծ աշխատանք է կատարում այս ուղղությամբ՝ տարբեր ոլորտներում պայմաններ ստեղծելով ամերիկահայ մասնագետների և երիտասարդների համար, հատկապես` երկրի մայրաքաղաքում:

«Ամերիկայում որոշում կայացնողները ամերիկացիներն են, ովքեր Վաշինգտոն են գալիս ԱՄՆ բազմաթիվ վայրերից տարբեր մասնագիտական ունակություններով: Մենք ցանկանում ենք, որ հայերը ևս ներկայացված լինեն Վաշինգտոնում որոշումներ կայացնողների շրջանում»,- ասում է Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը:

Ըստ նրա՝ լոբբիստական գործունեության կարևոր բաղադրիչներն են համայնքի պատրաստակամությունը գործելու ի նպաստ իր շահերի, նվիրվածությունն այս գործին և պահանջատիրությունը համայնքի առաջնորդներց գործելու այս ուղղությամբ: Կարևոր է ազդարարել նվիրվածությունը սեփական համայնքի շահերին և խուսափել որևէ քաղաքական ուժի նկատմամբ կողմնակալության դրսևորումից:

«Մենք վերջերս անցկացրեցինք Ցեղասպանության մասին երկու բանաձև: Դրա համար անհրաժեշտ եղավ երկար ժամանակ, սակայն երբեք չբռնեցինք այս կամ այն քաղաքական կուսակցության կողմը»,- նշում է Արամ Համբարյանը:

Սակայն յուրաքանչյուր լոբբիստական գործունեություն ունի իր ներքին տրամաբանությունը: Այս կամ այն քաղաքական գործչին աջակցությունը, ներառյալ ֆինանսական նվիրատվությունnերը համայնքի կողմից, դրա անբաժանելի մասն են: Համբարյանը ընդգծում է, որ նախընտրական նվիրատվությունները չափազանց ազդեցիկ և կորևոր են այս ոլորտում, և լոբբիստական կառույցների գործառույթներից է կոչը համայնքի անդամներին` հավանության դեպքում աջակցություն ցուցաբերել այս կամ այն գործչին:

Facebook Forum

XS
SM
MD
LG