Մատչելի հղումներ

ԱՀԿ-ն հայտարարել է արտակարգ դրություն


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով:  Ըստ կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանօմի՝ այդ որոշման հիմքում Չինաստանից դուրս տիրող իրավիճակն է, քանի որը վարակը սկսվել է Չինաստանից դուրս տարածվել:

Չինաստանում վիրուսի հետևանքով հարյուր յոթանասուն մարդ է մահացել, մոտ երկու հազարը վարակված են: Չինաստանից դուրս վիրուսի իննսունութ դեպք է արձանագրվել աշխարհի տասնութ երկրում:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Չինաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով այստեղ ապրող որոշ հայեր Հայաստան են վերադառնում: Անգլերենի ուսուցչուհի Էմմա Պետրոսյանն ապրում է Թիանջին քաղաքում, աշխատանքի չի գնում, սպասում են մինչև երկիրը բնականոն կյանքի վերադառնա: Այնտեղ մինչ այսօր վարակի քսան դեպք է գրանցվել: Ըստ նրա՝ քաղաքում խուճապը գնալով նվազում է:

«Տնից դուս եմ եկել այս օրերին, այսօր էլ դուրս եկա, նկատեցի, որ ավելի շատ խանութներ կային բաց: Խուճապ կար առաջին օրերին: Հիմա արդեն հստակ քայլեր են ձեռնարկվում»:

Հայաստան վերադառնալու ծրագիր Էմման դեռ չունի: Կարծում է, որ այդպիսով վարակվելու ռիսկն ավելի կմեծանա, իսկ Հայաստանում դրա դեմ պայքարի բավարար միջոցներ դեռ չկան: Ըստ նրա՝ եթե Չինաստանում շատ արագ կարող են հայտնաբերել վիրուսը և կանխարգելել, Հայաստանում վարակի դեպքում բուժվելու հավանականությունը նվազագույնն է: Իսկ հայերին Չինաստանից տեղապոխելու պետական որևէ նախաձեռնություն առայժմ չկա.

«Դեսպանատնից միայն կապվել են մեզ հետ, կոնտակտային տվյալներ վերցրել, բայց ոչինչ ավելին դեռ չի արվել»:

Պետական աջակցության բացակայությունից բացի Չինաստանաբնակ հայուհին նաև ապշած է հայրենակիցների բացասական արձագանքից, երբ իրենցից ոմանք համացանցում հայտնել են, որ վերադառնում են Հայաստան:

«Համացանցում մարդիկ կարծիքներ են հայտնում, թե ինչու եք վերադառնում, ինչու եք վիրուսը բերում Հայաստան: Խնդիրը կյանքի ու մահվան մեջ է, բնական է, որ մարդիկ վախեցել են, ուզում են վերադառնալ: Այդպիսի արձագանքը մեզ համար շատ վիրավորական է»:

Երկու հարյուր տասը ամերիկացիներ արդեն էվակուացվել են Չինաստանի Ուհան քաղաքից, որը հենց վիրուսի տարածման օջախն է համարվում: Երկու ամերիկյան ավիաընկերություններ հայտարարել են, որ հաջորդ շաբաթվանից սկսած չեղարկելու են թռիչքները Չինաստանի ուղղությամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG