Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով Հայկական բանակին նվիրված տոնին, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը.
«Ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր Զինված ուժերի միջեւ իրական ոգեւորություն է առաջացնում: Մեզ համար պատիվ է ընդունել Հայաստանից ուսանողների՝ ռազմական կրթություն տալով նրանց: Այս տարի մենք նախատեսում ենք նաեւ զարգացնել համագործակցությունը Հայաստանի ազգային պաշտպանության հետազոտությունների համալսարանի հետ, ինչպես նաեւ շարունակել կրթել Հայաստանի Զինված ուժերի ներկա եւ ապագա առաջնորդներին»:
Քուփերի խոսքով, պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հիմքում Հայաստանի եւ Կանզաս նահանգի միջեւ ընդլայնվող գործընկերությունն է.
«Կանզասի հետ ընթացող ծրագիրը թույլ է տալիս մեծացնել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի գործունակությունը, դյուրացնել պաշտպանական ոլորտի բարեփոխումները Հայաստանում»:
Հայ-ամերիկյան ռազմական գործընկերության մասին խոսեց նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը, ընդգծելով՝ համագործակցությունն ընթանում է ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ շրջանակներում.
«Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ անցյալ տարի նախաձեռնված ռազմավարական երկխոսությունը հարթակ է տրամադրում համընդհանուր բանակցությունների համար, այդ թվում եւ՝ ռազմաքաղաքական ոլորտի գործընկերության ոլորտում»:
«Պաշտպանության նախարարության անունից ցանկանում եմ հատուկ նշել Հայաստանի անձնվեր ներդրումը իր սահմաններից դուրս կայունության եւ անվտանգության պահպանման գործում: Աֆղանստանում 120 հայաստանցի զինվորական ապահովում են պաշտպանություն Մազարի Շարիֆում, ներդրում կատարելով Աֆղանստանի ժողովրդին խաղաղություն ու անվտանգություն բերելու գործին: Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի շրջանակներում 41 հայաստանցի զինվորականներ կարեւորագույն ներդրում են կատարում Արեւմտյան Բալկաններում կայունության եւ անվտանգության պահպանման գործում»:
Հայաստանի խաղաղապահ ուժերը գործում են աշխարհի տարբեր հատվածներում, իր ելույթում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանը.
«Մեր դաշնակիցների եւ գործընկերների միջեւ համագործակցությունը, հատկապես՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ, ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում, շարունակում է կարեւոր դեր խաղալ ներքին պաշտպանական բարեփոխումների եւ մեր պաշտպանական ռազմավարության համար»:
Facebook Forum