Զեկույցի հեղինակներն են American Foreign Policy Council կենտրոնի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հաստատության տնօրեն Սվանթե Քորնելն ու Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի պրոֆեսոր Բրենդա Շաֆերը: Վերջինս նախկինում հանդիսացել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահի ռազմավարական հարցերով խորհրդականը:
Զեկույցն անդրադառնում է տարբեր հակամարտությունների օկուպացված տարածքներին և ԱՄՆ, ԵՄ ու միջազգային կառույցների մոտեցումներին: Հեղինակների կարծիքով հետևողական մոտեցման բացակայությունը տարբեր տարածքների նկատմամբ խնդրահարույց է:
Որպես նման դրսևորում հեղինակները մատնաշում են վիճելի տարածքներից ներկրվող ապրանքները: Եթե օրինակ Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափի տարածքներից ԱՄՆ ներկրվող ապրանքները չեն կարող դիտարկվել որպես իսրայելյան, ապա օրինակ Լեռնային Ղարաբաղի պարագայում այստեղից եկած ապրանքները ներկայացված են որպես հայաստանյան: Նույնը վերաբերում է նաև Կանադա ներկրվող ապրանքներին:
Հեղինակների կարծիքով Եվրամիությունը ևս որևէ հետևողական քաղաքականություն չի իրականացնում այս ուղղությմաբ: Առևտրային հարաբերություններում այն, ըստ նրանց, որևէ սահմանափակում չի կիրառում Աբխազիայի, Օսիայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի կամ Կաշմիրի դեպքերում՝ միևնույն ժամանակ արգելելով ապրանքների մուտքը ԵՄ տարածք Ղրիմից: Լեռնային Ղարաբաղի հարցում, ըստ հեղինակների, ԵՄ աչք է փակում այն փաստի վրա, որ Ղարաբաղում արտադրված ապրանքները այստեղ են գալիս Հայաստանի սերտիֆիկացման նշաններով: Այս խնդիրը բարձարցվել էր ԵՄ հետ առևտրային համապարփակ պայմանագրի շուրջ բանակցություների ժամանակ, սակայն քանի որ այն չստորագրվեց, համաձայնագրի տեքստը այդպես էլ մնաց անհայտ:
Զեկույցն առաջարկում է միջազգային հանրությանը մեկ ընդհանուր քաղաքականություն որդեգրել այն տարածքների նկատմամբ, որոնք միջազգային հանրությունը որակում է օկուպացված՝ առաջարկելով ՄԱԿ-ին կամ այլ միջազգային կազմակերպություններին ճնշումներ կիրառել մասնավոր այն ընկերությունների նկատմամբ, որոնք չեն միանում օկուպացված տարածքների բիզնես ակտիվության բոյկոտին: Այս տարածքներում գործող ռեժիմները, ըստ հեղինակների, չեն կարող դիտարկվել որպես ինքնուրույն: Անհրաժեշտ է ուսումնասիրել, թե արդյոք ԱՄՆ տրամադրած մարդասիրական օգնությունը այս տարածքներին չի օգտագործվել ամերիկյան պատժամիջոցների խախտմամբ, հատկապես իրանյան և ռուսական ապրանքների պարագայում:
Հեղինակների կարծիքով ԵՄ պետք է ուսումնասիրի Հայաստանին տրամադրվող օգնությունը սիրիացի փախստականների հետ կապված հարցում՝ պարզելու համար, թե արդյոք Երևանը օգտագործում է այն Լեռնային Ղարաբաղը բնակեցնելու համար: Այդ դեպքում Բրյուսելը կարող է դադարեցնել ծրագիրը, գտնում են զեկույցի համահեղինակներ փորձագետ Քորնելն ու Ադրբեջանի նավթային ընկերության նախկին խորհրդական Շաֆերը:
Facebook Forum