Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքի հարեւանությամբ գործող հայագիտության կենտրոնը՝ Հայագիտության ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցությունը, վերջերս նոր վերազինված շենք է տեղափոխվել: Ընկերակցության գործադիր տնօրեն Սարա Իգնեյշսի խոսքով, նոր ժամանակակից գրասենյակը նոր հնարավորություններ է ընձեռում գիտական հետազոտություններ անցկացնելու համար. Խոշոր գրադարան, տեխնիկական սարքավորումներով հագեցած աշխատասենյակներ, գիտաժողովներ անցկացնելու համար նախատեսված դահլիճներ:
1950-ականներին Բոստոնում հիմնադրված Հայագիտության ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցության սկզբնական նպատակն էր նպաստել հայագիտության ամբիոնների ստեղծմանը Միացյալ Նահանգների առաջատար գիտական կենտրոններում: Այսպես, կազմակերպության օգնությամբ ավելի քան կես դար առաջ հայագիտության ամբիոններ ստեղծվեցին Հարվարդում եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի Համալսարանում: Վերջին տարիներին հայագիտության տարածման հետ միասին փոխվում են նաեւ ընկերակցության առաջնահերթությունները.
«Մեր կազմակերպությունը միայն վերջին տարիներին անհամեմատ ավելի մեծ դիմումներ է ստանում հայագիտության ոլորտում գիտական հետազոտություններ կատարելու համար. այստեղ կան գիտնականներ ոչ միայն ԱՄՆ-ից կամ Հայաստանից, այլեւ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, պատմաբաններ, ովքեր ուսումնասիրում են քաղաքակրթության վաղ ժամանակահատվածը, հնագետներ, սակայն նաեւ գիտնականներ, ովքեր հետազոտում են ժամանակակից հայագիտության խնդիրներ»:
Այսօր Սարա Իգնեյշսի խոսքով կարելի է քննարկել ընկերակցությունը միջազգային կառույցի վերածելու հեռանկարը:
Ընկերակցության գիտական հետազոտությունների տնօրեն Մարք Մամիգոնյանի խոսքով հայագիտությունը վերջին տարիներին դիտարկվում է ավելի լայն համատեքստում.
«Գիտնականներ, ովքեր զբաղված են օսմանյան, թուրքական, ռուսական խնդիրների ուսումնասիրություններով, ովքեր ուսումնասիրում են համայնքների կամ ցեղասպանությունների ընդհանուր խնդիրները ավելի հաճախ են սկսել իրենց աշխատանքների մեջ ներառել հայագիտությունը»:
Նվիրատվություններով կառուցված Հայագիտության ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցության նոր գրասենյակում այժմ վերջին մանրուքներն են շտկում, սակայն այստեղ արդեն իսկ ժամանում են թե՛ գիտնականներ եւ թե՛ պարզապես հայագիտությամբ հետաքրքրված մարդիկ՝ իրենց համար նոր մանրամասներ բացահայտելու հայ ժողովրդի անցյալի ու ներկայի մասին:
Facebook Forum