Մատչելի հղումներ

Human Rigհts Watch. Չնայած գրանցված դրական քայլերին՝ Հայաստանում շատ անելիքներ կան


Human Rigհts Watch-ը հրապարակել է իր այս տարվա ամենամյա զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրներին ու ձեռքբերումներին

Human Rigհts Watch իրավապաշտպան կազմակերպությունն իր 2020 թվականի տարեկան զեկույցում դրական է գնահատել Հայաստանի իշխանությունների բարեփոխումների հավակնոտ օրակարգը, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարն ու տնտեսական և դատաիրավական ոլորտների բարեփոխումները: Դրա հետ մեկտեղ առկա են նաև լուրջ մարտահրավերներ:

HRW մտահոգված է նախորդ տարիներին ոստիկանության անպատիժ գործունեության վերաբերյալ իրավական գնահատականի բացակայությամբ: Չնայած 2008 թվականի մարտի 1-ի շուրջ դատաքննչական գործընթացի՝ 2015-16 թթ. ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման մեղավորների բացահայտման հարցը մնում է բաց: Կազմակերպության խոսնակ Ռեյչել Դենբերը«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում դատաիրավական ոլորտի զարգացումները որակում է լուրջ մարտահրավեր երկրի իշխանությունների համար:

«Աղմկահարույց դատական գործընթացների ու հետաքննությունների հարցում Հայաստանի իշխանությունների գործունեությունը ուշադրության կենտրոնում է, հատկապես իշխանության կողմից օրենքի գերակայության ու անկախ դատական համակարգի գործունեության ապահովման խնդիրները»,- ընդգծել է Դենբերը:

Մեկ այլ լուրջ հիմնախնդիր է Հայաստանում կանանց դեմ բռնությունը, նշված է HRW-ի զեկույցում: Իրավապահ համակարգը մեծ մասամբ չի ապահովում վերջիններիս անվտանգությունը ներքին բռնությունների դեպքերում: 2019 թվականին Հայաստանում ներքին բռնության արդյունքում սպանվել է 10 կին, որոնցից մեկը մի քանի տարի օգնություն է հայցել համապատասխան մարմիններից, որոնց անգործությունը հանգեցրել է ողբերգության:

«Շատ անելիքներ կան վստահ լինելու համար, որ ոստիկանությունն ու իրավապահ մյուս գերատեսչությունները ունենան համապատասխան գիտելիքներ և գործեն պատասխանատու՝ կանանց ներքին բռնությոններից պաշտպանելու համար»,- ասում է Ռեյչել Դենբերը:

Խոսնակի պնդմամբ Հայաստանում գործում է մեկ ապաստարան 10-13 կանանց համար, որը շատ հեռու է բավարար լինելուց կանանց պաշտպանելու համար: Ըստ Եվրախորհրդի չափանիշների, 10 հազար մարդու համար անհրաժշետ է ունենալ մեկ ապաստարան:

Զեկույցում մատնանշվում են մարդու իրավունքների պաշտպանության այլ խնդիրներ: HRW-ը իշխանությունների ուշադրությունն է հրավիրում սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների կրթության ապահովման, սեռերի հավասարության, սեռական փոքրամասնությունների դեմ բռնաճնշումների ու խտրականության հիմնախնդիրների վրա: Կառավարության առաջարկած «Հավասարության մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրաբար պետք է դառնա խտրականության դեմ պայքարի համապարփակ մի փաստաթուղթ, սեռական կողմնորոշումը կամ սեռական պատկանելիությունը հիմք չի ընդունում խտրականությունից պաշտպանելու համար՝ չնայած միջազգային կառույցների դրանց դասակարգելու առաջարկության որպես հավելյալ պաշտպանության կարիք ունեցող կատեգորիաներ:

Նշված խնդիրների առումով Հայաստանը բացառություն չէ: Մարդու իրավունքների պաշտպանության առումով բազմաթիվ երկրներ, ներառյալ Հայաստանի տարածաշրջանի երկրները, առնչվում են նման խնդիրների, սակայն կազմակերպության խոսնակը խուսափում է դրանք համարել համատարած։

«Այս խնդիրները համատարած չհամարելու պատճառը սխալ մեկնաբանությունից խուսափելն է: Ո՛չ, դա նորմալ չէ: Բռնութան կամ ծեծի ենթարկվելու դեպքում մարդիկ լքում են իրենց տունը։ Սակայն այն փաստը, որ դա տեղի է ունենում նաև շատ երկրներում, չի կարող սփոփիչ լինել»,- ընդգծում է Դենբերը:

Խոսնակի պնդմամբ HRW-ը չի համեմատում երկրները՝ խուսափելով դրանց դասակարգումից, այլ գնահատում է բարեփոխումների իրականացումը ժամանակի ընթացքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG