Իրանի հոգեւոր գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին պաշտպանում է երկրի զինված ուժերին: Ուկրաինական մարդատար օդանավը սխալմամբ կործանելու դեպքի առնչությամբ իր ելույթում հոգեւոր առաջնորդն ասել է, թե Հեղափոխական պահակազորը ‘’պահպանել է Իրանի անվտանգությունը’’: Օդանավը խոցելուց հետո Իրանում սկսված բողոքի ցույցերից հետո, Թեհրանում անցկացված զանգվածային աղոթքի ժամանակ այաթոլլան հանդես է եկել ‘’ազգային միասնության կոչով’’ եւ հայտարարել, թե Իրանի ‘’թշնամիները եւ նրա դաշնակիցները’’ օդանավի կործանման փաստն օգտագործում են գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից ուշադրությունը շեղելու նպատակով:
‘’Մեր թշնամիներն այնքան ուրախ են, որքան մենք` տխուր’’, ասել է Այաթոլլահ Ալի Խամենեին 2012 թվականից ի վեր առաջին անգամ իր կողմից անցկացված զանգվածային աղոթքի ժամանակ:
Իր ելույթում Խամենեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անվանել է ‘’չարք’’, Թրամփին` ‘’ծաղրածու:
Նա կեղծ խոսքեր է համարում Իրանի ժողովրդին աջակցելու մասին Վաշինգտոնի հայտարարությունը ու ավելացնում, որ Միացյալ Նահանգները իր համար հարմար պահի կարող է ‘’թունավոր սրով խոցել Իրանի ժողովրդին’’:
Նրա խոսքերով, Իրաքում ամերիկյան բազաները խոցած հրթիռները ‘’ապտակ էին ԱՄՆ-ի դեմքին’’: Ղուդիս ուժերը, որոնց ԱՄՆ-ը համարում է ահաբեկչական, Իրանի հոգեւոր առաջնորդը անվանում է ‘’մարդասիրական կազմակերպություն’’, իսկ Սոլեյմանիի հուղարկավորութունը` ‘’շրջադարձային կետ` Իրանի պատմության մեջ’’: