Այսօր բանավեճի մասնակցող դեմոկրատ թեկնածուներից առաջատարն ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է, ով նախատեսում է կենտրոնանալ անվտանգության հարցերի վրա.
«Կարեւոր է ընտրել մեկին, ով պատրաստ է առաջին իսկ օրվանից կարգավորել առկա խառնաշփոթը եւ լինել գերագույն հրամանատար»:
Բայդենին մի շարք նահանգներում լուրջ մարտահրավեր է նետում Վերմոնտի սենատոր Բերնի Սանդերսը, ով շեշտը դնում է սոցիալական խնդիրների վրա.
«Երբ աշխատավարձիցդ ամսվա վերջում գումար չի մնում, չես կարող թույլ տալ պատշաճ տուն կամ ավտոմեքենա գնել, նույնիսկ համոզված չես, թե ի վիճակի կլինես սնունդ գնել հաջորդ ամիս։ Այս իրավիճակը ճնշող է մարդու համար»:
Սանդերսը երկրորդ տեղը կիսում է Մասաչուսեթսի ազդեցիկ սենատոր Էլիզաբեթ Ուորենի հետ, ով մեղադրում է Բերնի Սանդերսին իր դեմ հակաքարոզչության մեջ.
«Դեմոկրատներին անհրաժեշտ է միավորել կուսակցությունը»:
Մեկ այլ ազդեցիկ թեկնածու է Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջեջը, ով հայտարարում է ազգային միավորման մասին.
«Հայրենասիրության եւ նվիրվածության մեկ այլ աստիճանի անհրաժեշտություն կա, երկրի նկատմամբ սիրո: Անհրաժեշտ է գիտակցել, որ մեր երկիրը բաղկացած է մարդկանցից եւ անհնար է սիրել երկիրը՝ անտելով դրա բնակչության կեսին»:
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը թեեւ ավելացրել է աջակիցների տոկոսը լայն գովազդի շնորհիվ, այդուհանդերձ բանավեճին մասնակցության համար բավարար տոկոս չի հավաքել.
«Ես գիտեմ, ինչպես աշխատատեղեր ստեղծել, որովհետեւ ես ոչ թե հեռուստատեսությամբ եմ գործարարի դեր խաղացել, այլ՝ իրական գործարար եմ»:
Վերլուծաբանների կարծիքով, հաջորդ շաբաթների ընթացքում, երբ սկսվելու են Դեմոկրատական կուսակցության թեկնածուի նախնական ընտրությունները, նախընտրական պայքարը կուսակցության ներսում է՛լ ավելի կթեժանա: Առաջին նախնական ընտրությունները կանցնեն Այովա եւ Նյու Հեմփշիր նահանգներում:
Facebook Forum