Մատչելի հղումներ

Թրամփը հպարտանում է Սուլեյմանիի սպանությամբ ու ծաղրում դեմոկրատներին


ԱՄՆ-ի նախագահը տոնում է Իրանի Ղուդիս ուժերի հրամանատար Ղասիմ Սոլեյմանիի սպանությունը: Օհայո նահանգում անցկացված հանրահավաքի ժամանակ Թրամփը հպարտությամբ է խոսել սպանության մասին ու ծաղրել դեմոկրատներին`ռազմական գործողություններ սկսելու իր լիազորությունները կրճատելու փորձերի համար: Հավաքի ժամանակ նա հայտարարել է, թե ինքը ամերիկացիների կյանքը փրկելու համար ‘’վճռական որոշում էր կայացրել վայրկյանների ընթացքում’’:

‘’Մենք ընկերներ ենք որոնում, այլ ոչ թշնամիներ: Սակայն, եթե համարձակվում են սպառնալ մեր քաղաքացիներին, դա անում են իրենց ծանր վտանգի ենթարկելով’’, ասել է Թրամփը:

Թրամփն ասել է նաեւ, թե ինքը Ղասեմ Սուլեյմանիին սպանելու հրաման է արձակել, քանի որ’’ Իրանի այդ հրամանատարը շատ լրջորեն էր քննարկում ամերիկյան տարբեր դեսպանատների վրա հարձակումներ իրականացնելու հարցը’’:

Թրամփը նաեւ ծաղրել է դեմոկրատ կոնգրեսականներին, որոնք քննադատել էին Սուլեյմանիին սպանելու իր որոշումը: Նա ասել է, թե ինքը չուներ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին նախապես տեղյակ պահելու համար ժամանակ, քանի որ ‘’Փելոսին չի գործում համապատասխանաբար’’:

Դոնալդ Թրամփն այս ելույթով հանդես եկավ այն բանից հետո, երբ մեկ օր առաջ Ներկայացուցիչների պալատը հաստատեց մի բանաձեւ, ըստ որի Իրանի դեմ հետագա ռազմական գործողություններ իրականացնելու համար Թրամփը պիտի նախապես ստանա Կոնգրեսի համաձայնությունը: Բանաձեւը որոշում դառնալու համար պիտի հաստատվի Սենատի կողմից, որտեղ սակայն մեծամասնություն են կազմումհանրապետականները:

XS
SM
MD
LG