Մատչելի հղումներ

Ավստրալիան եւս ունի կասկածներ, որ օդանավը կործանվել է իրանական հրթիռի հարվածից


Ավստրալիայի վարչապետ Սկոթ Մորրիսոնն ուրբաթ օրն ասել է, թե իր երկիրը Կանադայի ու Միացյալ Նահանգների պես ստացել է հետախուզական տվյալներ այն մասին, որ Թեհրանի մոտ ուկրաինական օդանավը հավանաբար կործանվել է Իրանի կողմից արձակված հրթիռի հարվածից:
Մորրիսոնը Կանբերայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նաեւ, թե հետախուզությունը ‘’չի պնդում, որ գործողությունը եղել է դիտավորյալ’’:
‘’Շատ կարեւոր է ու վճռական, որ անցկացվի թափանցիկ հետաքննություն, եւ որ բոլոր ջանքերը կիրառվեն օդանավի սեւ արկղի ձայնագրությունները վերականգնելու համար’’, ասել է նա:

Հիշեցնենք, որ նախորդ օրը Միացյալ Նահանգները, Կանադան ու Մեծ Բրիտանիան էին հայտարարել, թե ‘’շատ հավանական է’’, որ ուկրաինական մարդատար օդանավին հարվածել է իրանական օդային պաշտպանության մի հրթիռ: Այս երկրների պաշտոնատար անձինք նույնպես ասել էին, որ կատարվածը գուցե դիտավորյալ չի եղել այստեղ վերջին օրերին շարունակվող լարված իրադրության պայմաններում:
Օդանավը կործանվել էր Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների ուղղությամբ 16 հրթիռներ արձակվելուց մի քանի ժամ անց: Իրանն այդ քայլին էր դիմել որպես ԱՄՆ-ի կողմից Իրանի հեղափոխական գվարդիայի գեներալ Ղասիմ Սուլեյմանիի սպանությանն ի պատասխան:

XS
SM
MD
LG