ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովը պաշտոնապես մեղադրանքներ ներկայացրեց երկրի նախագահին։ Ինչպես հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Ջերոլդ Նադլերը հայտարարեց, ՝՝Հանձնաժողովը ներկայացնում է իմփիչմենթի երկու հոդվածներ, որոնք նախագահին մեղադրում են ծանր հանցագրոծությունների եւ զանցանքների մեջ՛՛։
Երեք ամիս անցկացված հետաքննությունից եւ մի քանի շաբաթ շարունակված լսումներից հետո Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսականներն ասում են, թե կան ապացույցներ այն մասին, որ նախագահ Թրամփը կասեցրել է Ուկրաինայի համար նախատեսված անվտանգության բնագավառի հատկացումները՝ իր անձնական քաղաքական շահերից ելնելով։
՝՝Նախագահի կողմից թույլ տրված խախտումներն ակնհայտ են ու անժխտելի։ Միայն Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցում ՝՝բարեհաճություն՛՛ անելու մասին նրա կոչն արդեն իսկ խոսում է հանցագործության մասին՛՛, ասել է Կոնգրեսի ստորին պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը։
Ինչպես դեմոկրատներն են ասում, իմփիչմենթի հարցով ներկայացված հոդվածներից յուրաքանչյուրն առանձին վերցված ապահովում են հիմք՝ նախագահին պաշտոնից ազատելու համար։
Թվիթերյան իր գրառումներում սակայն Թրամփը հայտարարում է, թե դեմոկրատներն անտեսում են փաստերը։ Նրա կուսակից հանրապետականներն էլ այսում են, թե այս գործընթացը պարզապես 2Օ16 թվականի նախագահական ընտրությունների արդյունքը չեղարկելն է։ ՝՝Նրանք չեն կարողանում հանդուրժել այդ ընտրություններում իրենց պարտությունը՛՛, ասում է Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Քեվին ՄաքՔարթին։
Դեմոկրատներն ասում են, թե իմփիչմենթի այս գործընթացով իրենք փորձում են պաշտպանել եկող՝ 2Օ2Օ թվականի ընտրությունները։ ՝՝Արդեն ականատես եղել ենք, թե ինչպես է Թրամփը եկող ընտրությունները կոռումպացնելու նպատակով, փորձել ներգրավել Ուկրաինային՛՛, ասել է Դեյվիդ Սիսիլինին։
Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների 48 տոկոսը կողմ է, որ նախագահը ենթարկվի իմփիչմենթի։ Սա հազվադեպ երեւույթ է քաղաքականապես կիսված հասարակության համար։
՝՝Իմփիչմենթը դեռեւս մեղադրանքն է։ Պաշտոնանկ արվելու համար տվյալ անձը պիտի դատապարտվի՛՛, ասում է վերլուծաբան Լուիս Մայքըլ Սայդմանն ու հիշեցնում, որ Ամերիկայի եւ ոչ մի նախագահ մինչ այժմ երբեւիցե չի ազատվել պաշտոնից։
Եթե Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստն ընդունի իմիփիչմենթի հոդվածները մինչեւ սուրբծննդյան արձակուրդները, Թրամփին պաշտոնից ազատելու գործընթացը Սենատում կսկսվի եկող տարվա սկզբին։