ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ով այցով գտնվում է Վաշինգտոնում: Հանդիպմանը մասնակցել է նաև պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարի այցին նախորդել էր Փարիզում Արևելյան Ուկրաինայի հարցով գագաթաժողովը, որին մասնակցեցին Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդները: Կողմերը դրական գնահատեցին բանակցությունները և պայմանավորվեցին շարունակել շփումները: Ըստ Ֆրանսիայի նապագահ Մաքրոնի ամփոփիչ ելույթի, մոտ չորս ամսից նախատեսվում է նույն ձևաչափի նոր հանդիպում, իսկ մինչ այդ արտագործնախարարները կշարունակեն բանակցային գործընթացը Արևելյան Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ:
Հիշեցնենք նաև, որ արտգործնախարար Լավրովի այցը համընկել է ԱՄՆ-ում թեժ քաղաքական զարգացումների հետ՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու Ներկայացուցիչների պալատում սկսած գործընթացի հետ: Ռուսաստանի և ԱՄՆ երկկողմ հարաբերություններն այսօր ցածր մակարդակի վրա են: ԱՄՆ-ում պնդում են, որ Ռուսաստանը փորձել է ազդել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա, որը հաստատել է հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերի զեկույցը: Մոսկվան սակայն չի ընդունում մեղադրանքները:
ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից առաջ Լավրովն ու Պոմպեոն առանձին բանակցություններ են անցկացրել, որին հաջորդել է Ռուսաստանի ու ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ մամլո ասուլիսը, որի ընթացքում Պոմպեոն, ռուս-ամերիկյան հարաբերությունները բնութագրելով «բարդ», նշել է, թե որևէ սխալ չկա այն հարցում, որ 2016 թվականին Ռուսաստանը փորձել է ազդել ամերիկյան ընտրությունների արդյունքների վրա: Իսկ արտգործնախարար Լավրովը կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը՝ կրկին պահանջելով հավելյալ ապացույցներ այս հարցում: Պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը չի հանդուրժի որևէ ներգրավվածություն ԱՄՆ-ի ընտրություններում:
Արտաքին գերատեսչության ղեկավարները քննարկել են նաև Ուկրաինայի արևելքում առկա հակամարտությունը: Արտգործնախարար Լավրովը տեղեկություններ է տրամադրել փարիզյան գագաթաժողովի ընթացքի մասին: Պետքարտուղար Պոմպեոն կրկին ընդգծել է, որ Վաշինգտոնը ճանաչում է Կիևի տարածքային ամբողջականությունը:
Օրակարգում էին նաեւ Սիրիայի հակամարտությունը, Իրանի միջուկային ծրագիրը, Հյուսիսային Կորեայի հիմնախնդիրն ու ԱՄՆ-ի հետ միջուկային զենքերի վերաբերյալ համաձայնագրերը:
Facebook Forum