Կոմիտասի երաժշտությամբ սկսվեց Նյու Յորքում, ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի առաքելության կողմից նախաձեռնված ցեղասպանությունների կանխարգելմանը եւ կրթությանը նվիրված համաժողովը: ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծում է.
«Հայ ազգը Ցեղասպանության սարսափների միջով է անցել 20-րդ դարի սկզբում, ուստի, Հայաստանն ունի հատուկ պարտավորություն միավորելու ցեղասպանության հանցանքի կանխման ջանքերը»:
Ցեղասպանության իրականացմանը նախորդում են իրադարձություններ, որոնք ընցացքում երկրի խոցելի խմբերի իրավունքներն ու հիմնարար ազատությունները ճնշման են ենթարկվում, նշում է Մարգարյանը:
Համաժողովը վարող Պատասխանատվության եւ պաշտպանության գլոբալ կենտրոնի տնորեն Սայմոն Ադամսն անդրադարձավ Հայոց ցեղասպանության օրինակին, հիշեցնելով, որ չորս ամիս անց լրանալու է 105-րդ տարելիցը, երբ «1915-ի ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեցին հայերի թիրախավորված սպանությունները».
«Այս գործողությունների արդյունքում ոչնչացվեց ավելի քան մեկ եւ կես միլիոն կյանք: Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Ռուսաստանը 1915-ի մայիսին մեղադրեցին Օսմանյան Կայսրությանը մարդկության դեմ հանցանք գործելու մեջ՝ դա առաջին անգամն էր, որ այդ եզրն օգտագործվեց՝ որպես դաժանությունների ծավալը բնութագրելու փորձ»:
Գիտնականների, հոգեբանների խոսքով, ցեղասպանության ժխտումը ոչ միայն անարգանք է ցեղասպանության զոհերի նկատմամբ, այլեւ ճանապարհ է բացում հաջորդ ցեղասպանության համար:
«Երբ իմ ուսանողները կարդում են Ռոն Սունիի ստեղծագործությունները, նրանք իրոք սարսափած են մնում, ցնցված, զարմացած բռնությունների մակարդակով, որոնց միջով անցավ Օսմանյան Կայսրության հայ համայնքը եւ նրանք բացատրություն են պահանջում», - նշում է Նյու Յորքի քոլեջի պատմության դասախոս Էրիք Ուայթսը:
Համաժողովին ներկա ՄԱԿ-ում Թուրքիայի առաքելության աշխատակիցն այս ամենը լսելով ձայնի իրավունք խնդրեց՝ հայտարարելով, որ Առաջին աշխարհամարտի վերջին տարիները Օսմանյան Կայսրության համար բարդ շրջան էին, որի ընթացքում տառապել են կայսրության բոլոր քաղաքացիները.
«Մարդկության պարտքն է հաստատել, որ հայերը տառապել են ճիշտ նույնքան, որքան Օսմանյան Կայսրության մյուս քաղաքացիները եւ Թուրքիայում տարբեր կարծիքներ արտահայտելը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ժողովրդավարության մշակույթի մասն է, սակայն, 1915-ի իրադարձություններն օգտագործել որպես Թուրքիայի դեմ թշնամության արտահայտման պատրվակ եւ այս հարցը քաղաքական հակամարտության հարց դարձնելը անընդունելի է»:
Միջազգային իրավունքը չի ճանաչում 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն, եզրափակեց Թուրքիայի ներկայացուցիչը:
Ի պատասխան Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության ղեկավար Հենրի Թերյելը նշեց, որ այսօր, հաշվի առնելով բոլոր հետազոտությունները Հայոց ցեղասպանության հերքման նույնիսկ քննարկումն անիմաստ է.
«Վերջին 50 տարվա ընթացքում ես չէի լսել Հայոց ցեղասպանության այսպիսի ուղղակի հերքում: Շնորհակալություն այն պատկերավոր կերպով ի ցույց դնելու համար: Սակայն խորհուրդ կտայի թարմացնել ձեր գրականությունը, քանի որ այն շուրջ 30 տարով հնացած է: Ձեր կողմից բերված փաստարկները բազմիցս եւ վաղուց հերքվել են, այնպես որ կոչ կանեի փոքր-ինչ աշխատանք կատարել, որպեսզի ձեր ասածը բովանդակություն ունենա: Ասեմ նաեւ՝ Թուրքիայում բազմաթիվ մարդիկ, կիրթ, ինտելեկտուալներ լիարժեք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց ի հակառակ ձեր հայտարարությանը, նրանցից շատերն անազատության մեջ են հիմա կամ նախկինում եղել են անազատության մեջ հենց այն ճանաչելու համար»:
Facebook Forum