Լիբանանում վերջին շրջանի խռովություններն ու գնաճը ձմեռն ավելի անտանելի են դարձրել այստեղ հանգրվան գտած Սիրիայի հարյուր հազարավոր փախստականների համար, ովքեր ցրտից, անձրևից և ձնից պաշտպանվելու կարիք ունեն:
Բեքաա հովտում տեղակայված Աբու Ֆարես փախստականների ճամբարը իր 135 վրաններում պատսպարում է 175 ընտանիքների: Ճամբարի համակարգող Օմար Ալ Մեսսարավիի խոսքերով, Լիբանանի ներկայիս դրությունը վատթարացնում է փախստականների կացության պայմանները՝ օգնության և ֆինանսավորման բացակայությամբ:
«Ապրանքների գները բարձրացել են: Շատ ընտանիքներ ֆինանսավորում չեն ստացել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնաժողովից և ստիպված են պարտքով գոյատևել: Սակայն Լիբանանում տնտեսության վատթարացման հետևանքով նրանք այժմ պարտքով էլ ոչինչ չեն կարող վերցնել»,- ասել է նա:
Նա նաև հավելել է, որ Լիբանանի տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացման հետևանքով մի քանի ամիս առաջ խանութներում բարձրացել են բանջարեղենի և մրգերի գները: Մեծ խնդիր է նաև վառելիքի հարցը, քանի որ նույնիսկ սննդի համար գումար չունեցող փախստականները նաև պետք է ինչոր կերպ վճարեն փայտի կամ նավթի դիմաց:
ՄԱԿ-ի տրամադրած տվյալների համաձայն, 2019-ի հուլիսին Լիբանանում գրանցված փախստականների թիվը հասնում էր 929,000-ի: Թեև այս թիվը նվազել է նախորդ տարվա ցուցանիշից, այնուամենայնիվ ավելի մեծ թվով ընտանիքներ են ձգտում վերադառնալ իրենց հայրենիք: