Ռուսաստանում վերջերս ընդունվել է լեզվի վերաբերյալ նոր օրենք, որով ռուսերենը հաստատվել է որպես հիմնական լեզու հանրային տարածքներում: Դա մտահոգության առիթ է դարձել մի շարք ազգային փոքրամասնությունների շրջանում, որոնցից են բուրյաթները:
Բուրյաթիայի Հանրապետությունը Հեռավոր Արևելքում Ռուսաստանի դաշնության կազմի մեջ մտնող ինքավար հանրապետություններից է: Այստեղ պահպանվել են մի շարք դպրոցներ, ուր ուսուցման հիմնական լեզուն մոնղոլերենի ճյուղերից մեկը համարվող բուրյաթերենն է: Այն, ըստ UNESCO-ի, վտանգված լեզուների շարքում է:
Բուրյաթերենի ուսուցումը հիմնականում կախված է ծնողների ցանկությունից: Այսօր բուրյաթերենի օգտագործումը հանրապետության մայքաքաղաք Ուլան-Ուդեում հանդիպում է լուրջ դժվարությունների, քանի որ պետական հաստատություններում այն շատ չի կիրառվում՝ չնայած երկրորդ լեզվի կարգավիճակին:
«Ահավոր է, որ մարդիկ չեն խոսում բուրյաթերեն: Այսօր երիտասարդությունը չի տիրապետում իր մայրենի լեզվին: Ոչինչ չի նպաստում, որ սովորեն այն»,- ասում է տեղի երաժիշտ Լուդուբ Օչիրովը:
Հանրապետության հեռավոր վայրերում, սակայն, բուրյաթերենը դեռևս կիրառելի է:
«Մենք միմյանց հետ խոսում ենք բուրյաթերեն, հատկապես գյուղական շրջաններում և փոքր քաղաքներում: Բայց Ուլան-Ուդեում , որտեղ բնակչությունը խառն է, առօրյա լեզուն ռուսերենն է»,- ասում է տեղի բուդդիստ հոգևորական Ռադնալամը:
Ըստ UNESCO-ի տվյալների, այսօր Ռուսաստանում շուրջ 50 նման լեզուներ վտանգված են և գտնվում են վերացման եզրին: Դրանք կարող են ամբողջապես մոռացվել:
Facebook Forum