Տոնական առեւտուրն ԱՄՆ-ում երբեմն սպորտի է նման՝ մարդիկ խանութներում որսում են լավագույն զեղջերն ու գործարքները: Վերջին տարիներին դա կարելի է անել նույնիսկ համակարգչի առջեւ նստած: Գոհաբանության օրվան հաջորդող կիբեր-երկուշաբթին դրա լավագույն օրն է: Այս տարի Միացյալ Նահանգներում տոնական առեւտրի մեկ-հինգերորդն արվելու էր առցանց: Չնայած դրան, ոմանք դեռեւս չեն ուզում հրաժարվել խանութ այցելելու հաճույքից:
«Ես սիրում եմ խանութներ այցելել, հատկապես Մեյսիսի կամ Նորդսթրոմի նման խոշոր խանութներ: Հաճելի է զրուցել վաճառողների հետ, փորձել տարբեր հագուստներ, նույնիսկ, պարզապես զբոսնել այնտեղ ընկերուհիներով», - ասում է Նիսը:
«Ես սիրում եմ զեղջեր, անկեղծ եմ ասում, սակայն, առցանց առեւտրի փոխարեն նախընտրում եմ ինքս խանութ գնալ», - նշում է Զաքը:
Այսօր բազմաթիվ խանութներ գիտակցում են, որ նաեւ ցուցասրահի դեր են խաղում: Սան Ֆրանցիսկոյի էլեկտրոնիկայի այս խանութում լավ գիտեն՝ գնորդներից շատերն այստեղ ապրանքը համեմատում, ընտրում են, սակայն գնում են այն Ամազոնից: Իսկ խանութը հավաքագրված տվյալներով կիսվում է արտադրողների հետ:
«Յուրաքանչյուր խանութում տեղադրված տեսախցիկները գրանցում են մարդկանց հետաքրքրությունը այս կամ այն ապրանքի նկատմամբ»,- պատմում է խանութի մենեջեր Ջեյք Քարդինը:
Որոշ խոշոր արտադրողներ արհեստական իրականության ծրագրերի շնորհիվ օգնում են գնորդներին տեսնել, թե որքանով է սազում իրենց արտադրանքը գնորդի տան հանդերձանքին կամ արտաքին տեսքին: Մյուսներն արհեստական բանականություն են ներդնում, որը կօգնի գնորդին գտնել բոլոր հարցերի պատասխաններն առցանց: Նպատակը մեկն է՝ դարձնել առցանց առեւտուրն ավելի հեշտ եւ հաճելի:
Facebook Forum