ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ հայ-ամերիկյան բարեկամության խումբը նախաձեռնում է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթացը: Ելույթ ունենալով Վաշինգտոնում Գերմանական Մարշալի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված փորձագիտական խորհրդաժողովի ընթացքում` Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ այս ակտի ընդունումը երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի վրա կբարձրացնի:
«Բանաձեւերի ընդունումը շատ է քաջալերում, սակայն, կարեւոր է անցնել հայտարարություններից վեր եւ պատրաստ լինել պարտավորություններ ստանձնել: Ակտը պարտավորություններ է նախատեսելու երկու կողմերից», - նշում է Հայաստանի խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավարը:
Նրա խոսքով, «Թավշյա հեղափոխությունից» հետո պաշտոնական Վաշինգտոնի եւ Երեւանի միջեւ երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու որոշումն անհրաժեշտ է լցնել գործնական բովանդակությամբ: Դա, կողմերի հայեցողությամբ, կարող է լինել մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու տնտեսական զարգացմանն ուղղված հարցեր:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Վրաստանի Աջակցության ակտն այլ հարցերի հետ միասին նախատեսում է նաեւ, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կարող է կիրառել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կձեռնարկեն Վրաստանի տարածքային ամբողջականության կամ մարդու իրավունքների դեմ ուղղված քայլեր:
Այս տեսանկյունից, Հայաստանին Աջակցության ակտը ռազմավարական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է, նշում է խորհրդարանականը, ավելացնելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի գործընկերների շրջանում գաղափարն աջակցություն է գտել:
«Մեր բարեկամության խումբը փորձում է առաջատարի դեր ստանձնել ԱՄՆ-ի հետ խորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք մենք դիտարկում ենք ռազմավարական երկխոսության շրջանակներում՝ տեսլականում ունենալով գաղափար, որ դրանք կարող են ապագայում այդ շրջանակներից էլ վեր լինել», - հայտարարում է նա:
Խորհրդաժողովի ընթացքում փորձագետներին հետաքրքրում էին ամենատարբեր հարցեր` Հայաստանի ներքին բարեփոխումներից մինչեւ միջազգային առաջնահերթություններ: Անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումներին` Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ այս նուրբ հարցում շտապել չի կարելի.
«Մենք գիտակցում ենք, որ մեր քաղաքացիները անհամբեր փոփոխությունների են սպասում, գիտակցում ենք, որ երբեմն նրանք ցանկանում են, որ մենք պարզապես մտնենք եւ ասենք որոշ մարդկանց՝ "դուրս կորեք այս շենքից": Սակայն, մենք դա չենք անելու»:
Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանության աշխատակիցները հանդիպման ընթացքում հետաքրքրվեցին, թե ինչպես է Հայաստանի ինքնիշխանության հետ համատեղվում ռուսական զինվորականների առկայությունն իր տարածքում:
«Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ պատճառով է այնտեղ գտնվում ռազմակայանը. Պատասխանը վերաբերում է հայ-թուրքական սահմանի պահպանությանը: Տեղակայման որոշումն ընդունվել էր երկկողմ համաձայնությամբ եւ այս պահին այդ դիրքորոշումը փոխելու որեւէ հիմք չկա», - ի պատասխան նշեց Լիլիթ Մակունցը:
Նրա համոզմամբ, այսօր եկել է հայ-ամերիկյան հարաբերությունները ինստիտուցիոնալ ոլորտ տեղափոխելու ժամանակը, որպեսզի այդ հարաբերությունները զարգանան անկախ առանձին անձանց դիրքորոշումից, այլ՝ հիմնվելով երկկողմ շահերի վրա:
Facebook Forum