Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Վաշինգտոն ուղեկցվում էր Սպիտակ տան մոտ Լաֆայետի պուրակում բողոքի ցույցով: ԱՄՆ ու Թուրքիայի նախագահների բանակցությունների ողջ ընթացքում հնչում էին կոչեր ընդդեմ Թուրքիայի քաղաքականության, Էրդողանի այցի և նրա ընդունելությանը Սպիտակ տանը:
«Էրդողանին մեծ պատվով են դիմավորել Սպիտակ տանը: Այս մակարդակի ընդունելության պատիվը նա չէր վաստակել և արժանի չէր: Մենք մտահոգված ենք այս առիթով»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Հիասթափված եմ, որ նման գործչին, ով վերջին տարիներին ոտնահարել է բազմիցս ամերիկյան արժեքները և շահերը, ու պատասխանատու է ամերիկացիներին ծեծի ենթարկելու համար հենց ամերիկյան հողի վրա, արժանացնում են կարմիր գորգին Սպիտակ տանը»,- նշում է հունական Hellenic American Leadership Council (HALC) կազմակերպության գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդոսը:
Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը կարևորում է բողոքի ցույցի անցկացումը, որը միասնական ուղերձ է ամերիկյան քաղաքական վերնախավին թուրքական քաղաքականության վերանայման համար: Բողոքի ցույցը միասնաբար կազմակերպել էին քրդական, հունական և ամերիկահայ կազմակերպությունները:
«Այսօրվա ցույցը իր աջակցույունն է հայտնում Թուրքիայի նկատմամբ ավելի հավասարակշված քաղաքականության իրականացմանը»,- ընդգծում է Համբարյանը:
Նա վստահ է՝ Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը փոխվում է և մատնանշում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
ԱՄՆ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին այս բանաձի մասին խոսեց Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով փաստաթուղթը բնութագրեց որպես վիրավորանք թուրք ազգին: Նրա կարծիքով այս բանաձևը վնասում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, և նա հույս ունի, որ ԱՄՆ Սենատի անդամները չեն աջակցի այս պահին Սենատում շրջանառվող հայոց ցեղասպանության մասին նմանատիպ բանաձևը:
Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը, սակայն, հակառակ կարծիքի է:
«Որքան էլ նախագահ Էրդողանին թվա, որ նա ունի աջակցություն ԱՄՆ Սենատում, իսկ ԱՄՆ նախագահը թույլ տա նրան նման կերպ մտածել, միևնույն է՝ նա չունի նման աջակցություն: Այս բանաձևի ճակատագիրը կորոշեն սենատորները, ու մենք համուզված ենք, որ եթե նրանց տրվի ազատ քվեարկելու հնարավորություն, ապա այն ևս կստանա ճնշող մեծամասնության աջակցությունը»,- շեշտում է Համբարյանը:
Քրդական «Հանուն Ռոջեմի արտակարգ հանձնախմբի» ղեկավար Օսլեմ Գոնարը ևս դատապարտում է Էրդողանի այցը Վաշինգտոնբ և Սպիտակ տանը նրան պատվով ընդունելու փաստը: Նա քննադատում է ԱՄՆ-ին ու Թուրքիային փակ դռների հետևում առանց քրդերի մասնակցության վերջիններիս ճակատագրի շուրջ բանակցելու համար:
Օրվա երկրորդ կեսին բողոքի ցույցի մասնակիցների մի խումբ հավաքվեց Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ գտնվող Շերիդան Սըրքլ օղակաձև ճանապարհի տարածքում, որտեղ 2017 թվականի մայիսին նախագահ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու նրա կողմնակիցները ծեծի էին ենթարկել հակաէրդողանական ցույցի մասնակիցներին: Արամ Համբարյանը հիշեցրեց, որ Էրդողանը որևէ պատասխանատվություն այդպես էլ չկրեց միջադեպի համար, և այս հարցում, ըստ նրա, իր մեղքի բաժինն ունի նախագահ Թրամփը:
«Որպես ԱՄՆ նախագահ նա պարտավոր է հարգի և պաշտպանի մայրաքաղաք Վաշինգտոնում առանց վախի ազատ արտահայտվելու ամերիկացիների իրավունքը»,- ընդգծել է Համբարյանը:
Facebook Forum