Մատչելի հղումներ

Ժողովրդավար Հայաստանը դրականորեն առանձնանում է տարածաշրջանում՝ ԱՄՆ-ի սենատոր


Վաշինգտոնում տեսնում են, որ ժողովրդավար Հայաստանը դրականորեն առանձնանում է իր տարածաշրջանի մյուս երկրներից, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշեց Միացյալ Նահանգների սենատոր Ջեք Ռիդը՝ Վաշինգտոնում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո: Նրա խոսքով, հայ-ամերիկյան հարաբերությունները կարեւորագույն նշանակություն ունեն Միացյալ Նահանգների համար:

«Մենք ԱՄՆ-ում ունենք արտառոց հայ համայնք՝ այս երկրի յուրաքանչյուր նահանգի զարգացմանը հայ համայնքն իր նպաստն է բերել եւ բնական է, որ համայնքը հետաքրքրված է նաեւ իր պատմական հայրենիքի բարգավաճմամբ»:

Այսօր, «Թավշյա հեղափոխությունից» հետո կարելի է փաստել, որ Հայաստանն ինչպես նաեւ Միացյալ Նահանգները ժողովրդավարական պետություններ են եւ երկկողմ հարաբերությունները պետք է զարգացնեն հիմնվելով դրա վրա, նշում է սենատորը.

«Ի տարբերություն իր տարածաշրջանի, Հայաստանում մենք տեսնում ենք իրական ժողովրդավարություն եւ մեր կողմից պետք է անենք ամեն բան՝ այդ ժողովրդավարության ամրապնդմանն աջակցելու համար: Դա անելով մենք դրական ազդանշան կուղարկենք նաեւ բազմաթիվ այլ երկրներին»

Խորհրդարանական մեծամասնություն՝ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լիլիթ Մակունցը եւ Տաթեւիկ Հայրապետյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Վահե Էնֆիաջյանը, եւ «Լուսավոր Հայաստան»-ից Էդմոն Մարուքյանը Վաշինգտոնում են հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամության խմբի համագործակցության շրջանակներում:

Մենք ուժեղ ենք, երբ աշխատում ենք միասին, հայ խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում նշում է կիբերանվտանգության եւ զինված ուժերի հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ կոնգրեսական Ջիմ Լանգեւինը: Նրա խոսքով, ժողովրդավար Հայաստանն ԱՄՆ-ի հետ համագործակցելու շատ ավելի լայն հեռանկարներ ունի.

«Թե՛ Միացյալ Նահանգները եւ թե՛ Հայաստանը ժողովրդավար պետություններ են այսօր, որտեղ քաղաքացիներն օգտվում են ազատ կամաարտահայտման իրավունքից, իսկ ժողովրդավար երկրները զարգանում են»:

ԱՄՆ-ի մայրաքաղաքում քննարկվող համագործակցության ուղղությունները բազմազան են՝ կիբերանվտանգությունից մինչեւ քաղաքական հարաբերությունների խորացման հեռանկարներ: Միջազգային հանրապետական ինստիտուտում մասնավորապես քննարկվել են թափանցիկ կառավարման զարգացման հարցերը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է ինստիտուտի նախագահ Դոկտոր Դենիել Թվինինգը.

«Ժողովրդավարության զարգացման իրական աշխատանքը Հայաստանում սկսվել է «Թավշյա հեղափոխությունից» հետո միայն, երբ քաղաքացիները իրականում հնարավորություն ստացան հասցնել իրենց պահանջները իշխանություններին»:

Հայ խորհրդարանականներն այցով Կոնգրեսում են շատերի կողմից պատմական համարվող ժամանակաշրջանում: Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատում սկսվել են նախագահ Թրամփի պաշտոնանկության գործընթացի բաց լսումները: Չնայած գերզբաղված ժամանակացույցի, սենատոր Էդ Մարքին հայկական պատվիրակության հետ քննարկեց արտաքին ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները.

«Ես նաեւ ջանք չեմ խնայելու, որպեսզի մենք կարողանանք նաեւ ԱՄՆ-ի Սենատում անցկացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ հենց այս տարի»:

Facebook Forum

XS
SM
MD
LG