Մատչելի հղումներ

Իմփիչմենթի հարցով լսումները չորեքշաբթի օրվանից հեռարձակվելու են հեռուստատեսությամբ


ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսականները Ներկայացուցիչների պալատում նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործը վերսկսելու են չորեքշաբթի օրը: Այն հեռարձակվելու է հեռուստատեսային ուղիղ կապով: Նրանք մեղադրում են նախագահին` պաշտոնը քաղաքական իր շահերին ծառայեցնելու մեջ:

Մինչ այժմ լսումներն ընթացել են փակ դռների հետեւում, որոնց մասին տեղեկությունները տարածվել են գրավոր տեսքով: Կոնգրեսի ստորին պալատի անդամները փորձում են պարզել, թե արդյոք Թրամփը չի ոտնահարել նախագահական երդումը, երբ Ուկրաինայի իր պաշնոտակցին խնդրել է տեղեկություններ հաղորդել քաղաքական իր մրցակից Ջո Բայդընի ու վերջինիս որդու մասին, եւ այդ ընթացքում կասեցրել ռազմական օժանդակությունն Ուկրաինային:
Թրամփը մի քանի շաբաթ շարունակ է հերքել այն մեղադրանքները, որոնց համաձայն ինքն օգնությունը կասեցրել է քաղաքական իր շահերի համար:

Այս շաբաթվա ընթացքում լսումների ժամանակ առաջին վկաներն են լինելու Պետդեպարտամենտի երեք դիվանագետներ, որոնք վարչակազմի գործողությունների մասին ներկայացրել են հաստատող զեկույցներ:

Կոնգրեսի հանրապետականներն էլ ցանկանում են լսումներին հրավիրել այլ անձանց, այդ թվում Բայդընի որդուն` Հանթըր Բայդընին եւ այն պաշտոնյային, որը բողոք էր ներկայացրել Թրամփի հեռախոսազրույցի կապակցությամբ: Սակայն դեմոկրատները, որոնք կազմում են մեծամասնություն, դժվար թե համաձայնվեն հրավիրել նրանց:

XS
SM
MD
LG