The Washington Post-ը հայտնում է, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Վիլիամ Բարը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը Ուկրաինայի առաջնորդի հետ իր զրույցի կապակցությամբ մամլո ասուլիս հրավիրելու մասին:
Օրերս ԱՄՆ արդարադատության նախարարությունը տարածել է հայտարարություն, ուր ընդգծել է, որ հեռախոսազանգը չի խախտել քարոզարշավին առնչվող ֆինանսական որևէ օրենք, ուստի ոչ մի գործողություն այս ուղղությամբ նախատեսված չէ:
The Washington Post-ը, վկայակոչելով նախագահին մոտ կանգնած մի շարք աղբյուրներ, հայտնում է, որ նախագահ Թրամփը դժգոհություն էր հայտնել, որ գլխավոր դատախազ Բարը չի հրավիրել մամլո ասուլիս այս հայտարարության համար:
Իր հերթին նախագահ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով հերքել է այս տեղեկությունը՝ դրան տալով «կեղծ լրատվության հերթական դրսևորման» որակում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցը առիթ է դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախագահ Թրամփի դեմ սկսի իմպիչմենտի գործընթաց, ըստ որի՝ նախագահ Թրամփին մեղադրում են, որ վերջինս սառեցրել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը՝ պահանջելով հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդի դեմ:
Թրամփը հերքում է մեղադրանքները՝ Զելենսկու հետ հեռախոսազրույցը որակելով «փայլուն»: Հանրապետականները ևս աջակցում են նախագահին՝ շեշտելով, որ Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության փաստն արդեն ապացուցում է, որ չի եղել նման որևէ մտադրություն:
Facebook Forum