Մատչելի հղումներ

Իսրայելը պատրաստվում է արտաքսել Human Rights Watch-ի ներկայացուցչին


Իսրայելի գերագույն դատարանը երեքշաբթի օրը պաշտպանել է Human Rights Watch կազմակերպության տարածքային ղեկավարին երկրից արտաքսելու մասին կառավարության որոշումը։

ԱՄՆ-ի քաղաքացի Օմար Շաքիրին այստեղ մեղադրում են բոյկոտներն ու Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներն աջակցելու մեջ։

Այսպիսով առաջին անգամ կիրառվում է 2Օ17 թվականին ընդունված այն օրենքը, որը թույլ է տալիս երկրից արտաքսել այստեղ բնակության իրավունք ունեցող մարդկանց։ Այս օրենքի համաձայն Իսրայելից արտաքսվում են օտար այն քաղաքացիները, որոնք աջակցում են պաղեստինցիների Բոյկոտ եւ պատժամիջոցներ անվանումը կրող շարժմանը։ Իսրայելի տարածքը լքելու համար Շաքիրին տրվում է 2Օ օր ժամանակ։


Իսրայելում ու պաղեստինյան տարածքներում Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության դեսպանորդ Օմար Շաքիրն ասում է, թե իրենք այժմ պիտի կիրառեն այդ ժամանակահատվածի ամեն մի րոպեն՝ փորձելով համոզել կառավարությանը փոխելու կայացրած որոշումը։ Այլապես, նրա խոսքերով, Իսրայելի կառավարությունը կարող է հայտնվել ժողովրդավարության սկզբունքները ոտնահարելու ուժեղ քննադատության ներքո։

Ասենք, որ Իսրայելը, բացի այս որոշումը, արդեն իսկ մերժել է ԱՄՆ-ի մի քանի կոնգրեսականների մուտքն այստեղ։ Սակայն Շաքիրն առաջինն է, որը ենթակա է արտաքսման։

Ո՛չ Human Rights Watch կազմակերպությունը ո՛չ էլ Շաքիրը երբեք հանդես չեն եկել Իսրայելի նկատմամբ բոյկոտ հայտարարելու մասին կոչով։ Ըստ կազմակերպության, Շաքիրը թիրախի տակ է հայտնվել, քանի որ կազմակերպությունը դեմ է արտահայտվել Հորդանան գետի արեւմտյան ափում հրեաների վերաբնակեցման փաստին։ Հիշեցնենք, որ այս տարածքներում հրեաների վերաբնակեցումը անօրինական է համարվում միջազգային օրենքներով։

Ինչպես Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթն է ասել, Իսրայելի դատարանի կայացրած որոշումը ապացուցում է, որ Իսրայելում ազատ խոսքի իրավունքը չի տարածվում պաղեստինցիների իրավունքները պաշտպանողների վրա։

Իր հերթին Amnesty International կազմակերպությունն Իսրայելում կայացված որոշումը համարում է ՝՝դատապարտելի ու վախկոտ՛՛ քայլ։

XS
SM
MD
LG