Մատչելի հղումներ

Արձագանքներ՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ


ԱՄՆ կոնգրեսականների մեծամասնության կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին արձագանքներ են հնչել ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Երևանից ու Անկարայից

ԱՄՆ վարչակազմը դեռևս չի արձագանքել հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը: ԱՄՆ պետքարտուղարությունը տարբեր վարչակազմերի օրոք բազմիցս հակազդել է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանույան վերաբերյալ բանաձևերի ընդգրկմանը՝ ճնշում գործադրելով օրենսդիրների վրա այն տապալելու համար:

Washington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էլիոթ Էնգելը նշել է, որ չի ստացել որևէ ահազանգ վարչակազմից այս առիթով: Թերթը նաև մեջբերել է բանաձևի դեմ քվեարկած հանրապետական կոնգրեսական Գրեգ Փենսին, ով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի եղբայրն է: Վերջինս ընդգծել է, որ դեմ է քվեարկել, քանի որ վստահելով վարչակազմի քաղաքականությանը Թուրքիայի հարցում, չի ցանկանում ներգրավվել այս խնդրում:

Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ողջունել են ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենը և Էլիզաբեթ Ուորենը: Վերջինս կոչ է արել ԱՄՆ Սենատին ևս ճանաչել Ցեղասպանությունը: Սենատի և նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին է ակնարկել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը New York Times-ում հրապարակած իր հոդվածում:

Ինչպես սպասվում էր, Երևանից ու Անկարայից հնչեցին արմատապես տարբեր արձագանքներ: ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը մեկնաբանության նույն խնդրանքով դիմեց ԱՄՆ-ում Թուրքիայի և Հայաստանի դեսպանություններին:

Մինչեւ այս հաղորդումը պատրաստելու պահը ՝՝Ամերիկայիյ Ձայն՛՛-ի մեկնաբանության խնդրանքին որևէ պատասխան չի ստացվել Թուրքիայի դեսպանությունից: Բանաձևին անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով իր ելույթում դատապարտել է դրա ընդունումը և նշել, որ Անկարան այն դիտարկում է որպես վիրավորանք՝ ուղղված թուրք ազգին:

Բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի արտգործանախարարությունը իր մոտ է հրավիրել Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթեֆիլդին՝ բանաձևի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնելու համար: Թուրքիայի արտգործանախարարության տարածած հայտարարությունը այն որակել է անհիմն և զերծ՝ պատմական ու իրավական հիմքերից:

Իր հերթին ԱՄՆ-ոմ ՀՀ դեսպան Վարուժան Ներսիյանը, ի պատասախան ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հարցին նշել է, որ բանաձևի ընդունումը կարևոր ուղերձ է Ցեղասպանության միջազգային ճանաչման և հետագա կանխարգելման տեսանկյունից: Դեսպանն ընդգծել է, որ այն կնպաստի, այլ ոչ թե կխանգարի հայ-թուրքական հնարավոր ապագա հաշտեցմանը:

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ ողջունել էր բանաձևի ընդունումն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին այս առիթով՝ ընդգծելով, որ այն կարևոր քայլ է դեպի ճշմարտության ու պատմական արդարության հաստատումը: Հայաստանի արտգործնախարարությունն այս առիթով իր հայտարարությունում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը համարել է կարևոր ներդրում միջազգային ջանքերին նոր ցեղասպանությունների ու զանգվածային սպանդերի կանխարգելման հարցում:

Facebook Forum

XS
SM
MD
LG