Անկախ հնչած քննադատությունների` նախագահ Թրամփը ճիշտ է համարում ԱՄՆ-ի զորքերը թուրք-սիրիական սահմանից հեռացնելու իր որոշումը:
“Նրանք մնացել են ավելի քան 10 տարի: Թող մեկ ուրիշը կռվի այսքան կյանքեր խլած հողի համար”,- ասում է Թրամփը:
Որոշում, որը կայացվել է առանց Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի մասնակցության:
“Ձեզ հետ խորհրդակցել էին զորքերը հեռացնելու որոշումն ընդունելիս”,- հարցնում է Միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ, սենատոր Բոբ Մենենդեսը:
“Ինձ հետ չեն խորհրդակցել”,- ասում է Ջեյմս Ջեֆրին:
Կոնգրեսի ՝Ուկրաինային տրամադրվող ամերիկյան օգնության հետաձգման պատճառների շուրջ քննարկումներում պարզվեց, որ Սպիտակ տունն օգտագործել է Ուկրաինային տրվող օգնությունը` վերջիններիս ճնշելով որպեսզի հետաքննություն անցկացնեն դեմոկրատների և Ջո Բայդենի գործունեության շուրջ: Դեմոկրատներն իհարկե այս քայլը խստորեն քննադատում են :
“Այն միտքը, որ ռազմական օգնության հատկացումը կարող էր հետաձգվել` նախագահի վերընտրմանն աջակցելու նպատակով, ազգային անվտանգությանը սպառնացող աննախադեպ խախտում է”,- ասում է կոնգրեսական Ադամ Շիֆը:
Ուկրաինայի շուրջ Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել իմփիչմենթի:
“Մենք ունենք գործակալություններ, որոնց առաքելությունն է հետաքննել այսպիսի հարցերը: Եթե նախագահը ցանկանում էր հետաքննություն անցկացնել Բայդենների վերաբերյալ, ապա նա կարող էր այդ անել դիվանագիտական մեթոդներով”,- ասում է Թեքսասի համալսարանից` Շեննոն Բո Օբրայանը:
Մասնագետների խոսքերով դիվանագիտական ճանապարների շրջանցման հետևանքով ԱՄՆ-ի հանդեպ վստահությունը թուլանում է աշխարհում:
“Երբ նախագահի որոշումները երկմտանքի առիթ են տալիս Պետդեպարտամենտում, Պենտագոնում, հետախուզական գործակալություններում և Կոնգրեսում, ինչպես այս դեպքում է, ապա հարց է ծագում, թե արդյոք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռազմավարությունն ու գործընթաները համահունչ են”,- ասում է Ատլանտյան խորհուրդի վերլուծաբան Մարք Սիմակովսկին:
Սակայն Դոնալդ Թրամփն ընտրվել էր ԱՄՆ-ի ավանդական արտաքին քաղաքականությունից շեղվելու խոստումի հիման վրա, և նրա աջակիցները վերջինիս լքելու նշաններ չեն ցուցաբերում: Սակայն Իմփիչմենթի գործընթացն ու Սիրիայի շուրջ նրա որոշումների քննադատությունը ցույց են տալիս, որ նախագահի ոչ բոլոր մեթոդներն են քաջալերվում: