Մատչելի հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ


ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը.

«Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում»:

Գործող նախագահի խոսքով, նա բարձր է գնահատում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ.

«Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաեւ երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաեւ մտահոգիչ դրվագներ շփման գծում որոնք հանգեցրեցին մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»:

Իր կողմից, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ընդգծել է, որ միջնորդներն ի դեմս Մինսկի խմբի համանախագահների շարունակում են ակտիվ ներգրավված լինել բանակցություններում: Լուրջ առաջընթացը սակայն հնարավոր է գրանցել առաջին հերթին պետությունների ղեկավարների քաղաքական որոշման դեպքում.

«Անշուշտ, այն դրական տրամադրությունը, դրական դինամիկան, որը մենք տեսանք սեպտեմբերին Դուշանբեում հանդիպման շրջանակներում, դեռեւս չի վերափոխվել իրական առաջընթացի հակամարտության կարգավորման ուղղությամբ»:

ԵԱՀԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն այս շաբաթ քննարկման էին մասնակցել Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում կազմակերպված համաժողովին: Անդրադառնալով հակամարտությունների կանխարգելման գործում միջազգային կազմակերպությունների դերին, Միրոսլավ Լայչակը հատկապես կարեւորեց քաղաքական որոշումների նշանակությունը.

«Քաղաքական որոշումները կայացնում են առաջնորդները, երկրի ղեկավարները, նախարարները: Այս դեպքում է հնարավոր արդյունավետ քննարկում, իսկ եթե դա չկա, ապա քննարկումները դառնում են բյուրոկրատական վարժություններ: Մենք կարող ենք աշխատել դեսպանների մակարդակով, սակայն, քաղաքական որոշումները բոլորովին այլ մակարդակի վրա են»:

Facebook Forum

XS
SM
MD
LG