Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահի ներկա երկու խնդիրները


Ստացվել է այնպես, որ Ուկրաինայի նախագահը հայտնվել է ամերիկյան քաղաքական բեմահարթակում: Վերջերս չի լինում որեւէ օր, երբ նրան չեն հարցնում, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահ Թրամփն իրեն չի ենթարկել շանտաժի, երբ հուլիսի 25-ի հեռախոսային զրույցի ժամանակ խոսում էին Ուկրանիային ամերիկյան ռազմական օժանդակություն հատկացնելու եւ Թրամփի քաղաքական մրցակից Ջո Բայդընի որդու բիզնես գործունեությունն Ուկրաինայում հետաքննելու հարցերի շուրջ:

‘’Ուկրաինայի համար նախատեսված օժանդակությունը կասեցվել էր ավելի վաղ: Մեր պաշտպանության նախարարն ինձ տեղեկացրել էր, որ դրամական փոխանցումը կասեցված է’’, ասում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ու ավելացնում, որ Թրամփի հետ այս հարցի շուրջ իրենք չեն խոսել: ‘’Այսինքն չկա որեւէ շանտաժ, քանի որ դա չի եղել մեր խոսակցության թեման’’, ասել է Զելենսկին:

Զելենսկին Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվեց ապրիլ ամսին` կոռուպցիան արմատախիլ անելու խոստումների հիման վրա: Այժմ նա կանգնել է մի իրավիճակի առջեւ, որտեղ սուր քննադատության է արժանանում այս հարցում իր վարած քաղաքականությունը:

Ուկրաինայում շատերն են ընդունում Զելենսկիի բացատրությունները, սակայն այլոց մոտ առկա է զայրույթը:

Վերլուծաբան Իլյա Կուսան օրինակ ասում է, թե Ուկրաինան արդեն իսկ լի է խնդիրներով, ու Զելենսկին չպետք է թույլ տար, որ Ուրկրաինան հայտնվեր ամերիկյան ընտրությունների բանավեճերում: ‘’Սա շատ վտանգավոր իրավիճակ է, քանի որ կարող ենք դառնալ մոլեխաղի խաղաքարտ’’, ասում է նա:


Զելենսկիի մյուս ամենամեծ խնդիրը Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտությունն է: Նա կոչ է անում միջազգային խաղաղապահներ մտցնել այստեղ եւ կողմ է, որ ապստամբների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի շրջանոմ անցկացվեն ընտրություններ ու խոստանում քաղաքական ինքնավարություն:
Նա պարբերաբար է կրկնում, որ եթե խոսքը տարածքների ու մարդկանց մասին է, առաջնայինը պետք է համարել մարդկանց:
Սա մեծաթիվ ուկրաինացիների մոտ առաջ է բերում այն մտավախությունը, որ նոր կառավարությունը տեղի է տալիս ռուսական ագրեսիային:

Այնպես որ, Ուկրաինայի նախորդ նախագահին դերասանի իր ձիրքով ծաղրող ներկա նախագահը հայտնվել է Արեւմուտքի իր ամենամոտ աջակից ԱՄՆ-ի քաղաքական բեմահարթակի վրա, արեւելյան հատվածում իր վարած քաղաքականության քննադատության տակ:

XS
SM
MD
LG