Մատչելի հղումներ

Փոլ Իգնեշիուս. «Հիմա մասամբ գիտեմ» ԱՄՆ-ի Նավատորմի նախկին հրամանատարի հաջողության գաղտնիքը


2019 թվականի նոյեմբերի 11-ին Փոլ Իգնեշիուսը՝ Միացյալ Նահանգների հայազգի ամենաբարձրաստիճան զինվորականը կդառնա 99 տարեկան: Իր կյանքի եզակի պատմության, գրքի, երեխաների եւ հաջողության գաղտնիքների մասին ԱՄՆ-ի Նավատորմի նախկին հրամանատարը պատմել է «Ամերիկայի Ձայն»-ին:

«Հավանաբար, մենք Գլենդելի առաջին հայերն էինք»

Սկսենք վերնագրից, այն Աստվածաշնչից է...

Այո, գրքում փորձեցի ասել, որ իմ երկար կյանքի ընթացքում շատ բան եմ սովորել, սակայն, կա շատ բան, որ չգիտեմ: Պետք է միշտ սովորես, երբեք չես կարող ամեն ինչ իմանալ:

Ինչո՞վ եք ոգեշնչվել գիրքը գրելիս:

Երբ երիտասարդ էի եւ երեխաներս դեռ փոքր էին, ես նրանց հաճախ պատմություններ էի պատմում իմ մանկության տարիների մասին, որ անց եմ կացրել ծնողներիս հետ Գլենդելում: Պատմում էի նրանց պատմություններ մեր հայազգի հարազատների եւ ընկերների մասին, ոմանք զվարճալի էին, մյուսները՝ լուրջ:

Եկավ մի պահ, երբ որոշեցի այդ ամենը թղթին փոխանցել, եւ երբ սկսեցի գրել մանկությանս մասին, որոշեցի շարունակել կյանքիս պատմությունը, պատմել ռազմածովային ուժերում իմ ծառայության մասին, այլ դրվագներ:

Բայց հիմնականում գրել եմ գիրքը երեխաներիս համար, որպեսզի նրանք ունենան իմ կյանքի պատմությունները, իմ հայ ծնողների մասին տեղեկություններ: Հայրս Խարբերդից էր, մայրս մեծացել էր Անգլիայում, նրա ընտանիքը Մանչեսթեր էր տեղափոխվել դեռեւս 1890-ականներին: Այնուհետեւ, 1911-ին տեղափոխվել էին Կալիֆոռնիա, անշարժ գույք գնել Գլենդելում, որը մայրս ավելի ուշ անվանում էր Արեւմտյան Երեւան՝ տեղի մեծ հայ համայնքի պատճառով:

Բայց, որքան ես եմ հիշում, մենք Գլենդելի առաջին հայերն էինք: Մորս հոր մասին է խոսքը:

Գրքում նշում եք, որ նույնիսկ ձեր դպրոցական տարիներին դուք Գլենդելում բնակվող եզակի հայերից էիք:

Այո, ապագայում շատ հայեր ժամանեցին: Հուվերի միջնակարգ դպրոցում այսօր երեւի թե աշակերտների գրեթե կեսը հայեր են, սակայն, երբ ես էի այնտեղ սովորում, դպրոցի միակ հայ աշակերտներն էինք ես, եղբայրս եւ քույրս: Դա 1938 թվականն էր: Շատ բան է փոխվել այն օրերից: Տարիներ անց, երբ այցելեցի այդ դպրոցը, նկատեցի փոփոխությունները:

«Ընտանիքն ամեն ինչ է ինձ համար»

Դուք ասացիք՝ գիրքը ձեր ընտանիքին է նվիրված, իսկ ի՞նչ է ձեր համար ընտանիքը:

Ընտանիքն ամեն ինչ է ինձ համար, եւ տիկինս, ով մահացել է այս տարվա սկզբին, հետս կհամաձայներ: Կարծում եմ, ընտանիքը մեր կյանքի կարեւորագույն բանն է: Խոսքս ընտանիքի լայն գաղափարի մասին է՝ պապիկներ, տատիկներ, քեռիներ: Մենք շատ մեծ եւ մոտ ընտանիք էինք:

Ու ես ընտանիքը միշտ դիտարկել եմ որպես համայնքի հիմնասյուն: Հաստատվում է ընտանիք, այնուհետեւ՝ համայնք, եւ այսպես է կառուցվում ազգը, որը միավորված է միասնական գաղափարներով: Ամեն ինչ ընտանիքից է սկսվում:

Կինս Նյու Ինգլանդից էր, նա սիրող մայր էր, սակայն, շատ խիստ էր դաստիարակում երեխաներին: Նրանք պետք է միասին սեղանի շուրջ նստեին՝ ճաշելու, պետք է ժամանակին տնային աշխատանքը կատարեին: Անշուշտ, կարող էին հեռուստացույց դիտել, սակայն՝ միայն դասերն ավարտելուց հետո: Նա փայլուն մարդիկ է դաստիարակել եւ այսօր մեր երեխաներից յուրաքանչյուրն իր ոլորտում մեծ հաջողությունների է հասել:

«Ամերիկան ինձ եւ ընտանիքիս հետ շատ լավ է վարվել»

Չենք կարող շրջանցել ձեր աշխատանքի մասին հարցը: Դուք շատ բարձր աստիճանի զինվորական եք եղել: Այդ տարիներից կպատմե՞ք:

Մի շրջանում ես որոշեցի դառնալ կառավարության մաս եւ իմ ծառայությունը մեծ պատիվ էր: Ամերիկան ինձ եւ ընտանիքիս հետ շատ լավ է վարվել եւ ինձ համար պետությանը ծառայելու գաղափարը կարեւոր էր: Անշուշտ, բարդ էր, քանի որ ամբողջ օրն աշխատանքի էի: Ես հաճախ աշխատանքի էի գնում շատ վաղ, երբ երեխաները դեռ քնած էին, իսկ վերադառնում էի շատ ուշ, երբ նրանք արդեն նորից քնած էին: Ուստի, կինս երեխաներին մեծացնելու բոլոր պարտականություններն ինքնուրույն էր կատարում: Իսկ կիրակի օրը ես ընտանիքի հետ էի անցկացնում:

Այն ութ տարիների ընթացքում, որ ես պետական ծառայության եմ եղել, կարծում եմ, մենք երբեք հյուր չենք գնացել եւ հյուր ենք ընդունել մեր տանը: Պարզապես, շաբաթը մեկ օր ընտանիքով էինք անցկացնում. Առավոտյան միասին ընթրիք էինք վայելում, այնուհետեւ, նստում մեքենան եւ ուղեւորվում սրճարան՝ պաղպաղակ ուտելու: Ու թեեւ շաբաթվա մյուս օրերը ես աշխատանքի էի, մենք ամուր ընտանիք էինք:

«Պապս Օսմանյան կայսրությունում խնդիրներ է ունեցել իր բանաստեղծությունների պատճառով»

Ձեր հայրը շատ ակտիվ դեր էի խաղում հայ համայնքի կյանքում: Ինչպե՞ս է ձեր կարծիքով ԱՄՆ-ի հայ համայնքը վերափոխվել այս գրեթե մեկ դարի ընթացքում:

Թույլ տվեք երկու խոսք պատմեմ պապիս՝ Ավետիս Ժամկոչյանի մասին: Նրա ընտանիքը տուժել էր 1890-ականներին տեղի ունեցած համիդյան կոտորածներից: Նրանք Ագինում էին բնակվում ու նա այդ ժամանակ Խարբերդում Եփրատի քոլեջում ուսանող էր: Նա լավ կրթություն էր ստացել, անգլերենը լավ էր տիրապետում, բազմաթիվ պոեմներ էր թարգմանում անգլերենից հայերեն: Սակայն, նաեւ ինքն էր ստեղծագործում:

Եւ իր սեփական պոեմներից մեկում նա օգտագործել էր «ազատություն» ու «անկախություն» բառերը, ինչի համար Օսմանյան կայսրության իշխանությունների հետ խնդիրներ է ունեցել: Ու քանի որ նրանց ընտանիքը բավականին հարուստ էր, նրանք բամբակ էին ներմուծում Անգլիայից, ընտանիքը որոշեց պապիս Մանչեստեր ուղարկել, որպես իրենց ընկերության ներկայացուցիչն այնտեղ: Այսպես, մայրս եւ քեռիս մեծացել էին Մանչեստերում, որտեղ շուրջ 20 տարի էին անցկացրել եւ պապս նույնիսկ Բրիտանիայի քաղաքացի էր դարձել:

Սակայն, նրանց դուր չէր գալիս Մանչեստերի ցուրտ եղանակն ու անձրեւները, եւ երբ նրանք մի անգամ Կալիֆոռնիա այցելեցին, տեսան այնտեղի տաք արեւն ու նարնջի ծառերը, որոշեցին ընտանիքով մշտական բնակության տեղափոխվել այնտեղ, ինչն էլ իրականացրեցին 1911-ին:

«Հորաքրոջս Ցեղասպանությունից փրկել է Աստվածաշունչը»

Հայրս ավելի ուշ էր Միացյալ Նահանգներ տեղափոխվել: Նրա ընտանիքը տուժել էր Ցեղասպանությունից, նրա քույրերից մեկը զոհվել էր դեպի Սիրիա բռնագաղթելու ընթացքում, մյուսին հաջողվել էր փրկվել: Ընտանիքում շրջանառվող պատմության համաձայն, մի հորաքրոջս հաջողվել էր փրկվել այդ տեղհանման ընթացքում միայն այն պատճառով, որ ճանապարհի ամբողջ ընթացքում նա ամուր բռնել, գրկել էր Աստվածաշունչը՝ առանց այն ձեռքից բաց թողնելու:

Վերադառնալով մայրիկիս ընտանիքին, ասեմ, որ պապս, ով Մասաչուսեթս էր տեղափոխվել 1892-ին, մինչ համիդյան կոտորածները, անշուշտ փրկվել էր, սակայն, նրա եղբորն ու հորեղբորը սպանել էին: Տատիս հորը նույնպես սպանել էին:

«Երիտասարդ տարիքում եկեղեցի կանոնավոր կերպով չէի այցելում»

Վերադառնալով ԱՄՆ-ի հայ համայնքի վերափոխման հարցին...

Ես մեծացել եմ Գլենդելի հասարակ, միջին դասի ընտանիքում: Գլենդելն այն ժամանակ Լոս Անջելեսի «ննջասենյակն» էր, մարդիկ ժամանակն անց էին կացնում Լոս Անջելեսում, իսկ Գլենդել գնում՝ իրենց տներում ննջելու:

Երբ պատանի էի, երբեք համայնքի հարցերով չեմ մտահոգվել, այլ հարցերով էի զբաղված՝ դպրոց, սպորտ: Հայկական հարցերի վերաբերյալ հետաքրքրությունս ավելի ուշ ծնվեց, երբ ինձ սկսեցին հետաքրքրել սեփական արմատներս: Ուստի, այս գրքում տեղ գտած պատմություններից շատերը ուղղակի կապված չեն հայ համայնքի հետ: Բայց կան նաեւ նման պատմություններ:

Հորս նախաձեռնությամբ ինձ կնքել էին Լոս Անջելեսի հայկական եկեղեցում, սակայն, ես եկեղեցի կանոնավոր կերպով չէի այցելում երիտասարդ տարիքում, ի տարբերություն ծնողներիս: Հայրս նաեւ շատ լայն գործունեություն էր ծավալել հայ համայնքում:

Իսկ այժմ, մտածելով հայ համայնքի նշանակության մասին, կարծում եմ, համայնքի համար կարեւոր է առաջին հերթին պահպանել Հայ ժողովրդի պատմությունը: Չէ որ հայերը գոյատեւում են արդեն հազարավոր տարիներ, մինչդեռ բազմաթիվ այլ ազգեր վերացան: Երեւի թե բոլորից շատ մարդկանց միավորում, նրանց ավանդույթներն ու մշակույթը պահպանում է եկեղեցին: Դրա մասին պետք է հիշել, պետք է աջակցել այդ հարցերով զբաղվող կազմակերպություններին:

Եւ անշուշտ, Սփյուռքը, ապրելով այլ երկրում, պետք է հաշվի առնի կարեւոր հարց: Քո նվիրվածությունն անշուշտ քո երկրինն է առաջին հերթին՝ ես ամերիկացի եմ, սակայն, ես հայ ծնողների որդի ամերիկացի եմ, եւ ես ծառայել եմ իմ երկրին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Սակայն, իմ նախնիները, ինչպես եւ ամերիկացիների մեծ մասը, եկել են այլ վայրերից: Մենք ներգաղթյալների ժողովուրդ ենք:

«Ժողովուրդները կարող են քավել անցյալի մեղքերը»

Դուք խոսեցիք Հայոց ցեղասպանության մասին: Խոսում եք այդ մասին նաեւ ձեր գրքում: Ձեր մոտեցումն այս հարցում ո՞րն է:

Դա սարսափելի դեպք էր եւ ես չեմ հասկանում, թե ինչու մեր օրերի Թուրքիան չի ճանաչում անցյալում, Օսմանյան կայսրությունում, մինչեւ Թուրքիայի Հանրապետության ձեւավորումը տեղի ունեցածը:

Ազգերը կարող են քավել անցյալի մեղքերը: Այդ առումով, գերմանացիները կարծում եմ մեծ գործ են կատարել, ճանաչելով ֆաշիստական անցյալի սարսափները, եւ այսօր գլուխը բարձր նրանք հարգված ազգ են Եվրոպայում, քանի որ ճանաչել են անցյալի մեղքերը: Մենք ներողություն ենք խնդրել Ճապոնիայի քաղաքացիներից:

Կարծում եմ Թուրքիայի շահերից է բխում ճանաչել տեղի ունեցածը եւ ներողություն խնդրել եւ ի վերջո, հաշտեցման հասնել այսքան տարիներ անց: Ես այդ մասին գրել եմ նաեւ գրքումս: Գլուխներից մեկում մանրամասն քննարկում եմ, թե որդյոք հաշտեցումը հնարավոր է: Կարծում եմ, այն ցանկալի է, սակայն, կան բազմաթիվ խնդիրներ այդ ճանապարհին:

«Երեխա ժամանակ կարող էինք որեւէ բան նետել օվկիանոս՝ առանց գիտակցելու վնասը»

Վերադառնանք գրքի վերնագրին՝ «Հիմա մասամբ գիտեմ»: Հիմա ի՞նչ գիտեք:

Գիտեմ, որ մենք փոխվել ենք: Միացյալ Նահանգները մեծ առաջընթացի է հասել իր սեփական անցյալի սխալները ճանաչելով, մասնավորապես, սեւամորթ ամերիկացիների նկատմամբ: Մենք առաջընթացի ենք հասել, ճանաչելով կանանց իրավունքները: Առաջընթացի ենք հասել մեր մոլորակի խոցելիությունը ճանաչելու հարցում:

Երբ ես երեխա էի, մենք կարող էինք որեւէ բան նետել օվկիանոս, առանց գիտակցելու, թե որքան է դա վնասում շրջակա միջավայրին: Սակայն, նոր սերունդը մեծանում է՝ գիտակցելով շրջակա միջավայրի խոցելիությունը մարդկային գործողություններից: Կինս շրջակա միջավայրի առաջին պաշտպաններից էր, նա մի քանի կանանց հետ հիմնադրել էր կազմակերպություն, որը քարոզում էր այսօր այդքան ժամանակակից դարձած աղբի վերամշակման գաղափարը:

Մենք դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, սակայն, իմ կյանքի ընթացքում ես ականատեսն եմ եղել հսկայական առաջընթացի: Իսկ այսօր ես տեսնում եմ նոր մարտահրավերներ, որոնք վերաբերում են իրականն արհեստականից ու կեղծից տարբերելու կարողությանը:

«Սարոյանին օգնեցի թաքնվել հյուրերից»

Ձեր գրքում բազմաթիվ հետաքրքիր պատմություններ եք ներկայացրել: Դրանցից մի քանիսով կարո՞ղ եք կիսվել նաեւ այստեղ:

Իրոք, գրքում բազմաթիվ հետաքրքիր պատմվածքներ կան: Դրանցից ոմանք ընկերների, մյուսները՝ ընտանիքի մասին են: Նրանցից մեկը Թոմ Քալեջյանն էր, ով ուներ շատ գեղեցիկ ու մեծ գորգ եւ այդ գորգը գտնվում էր Ֆիլադելֆիայի Ազատության զանգի տակ եւ այդ գորգը հենց այդպես էլ անվանում էին՝ Ազատության զանգի գորգ: Ազատության զանգը՝ ԱՄՆ-ի անկախության խորհրդանիշն է: Թոմը միշտ սիրում էր զվարճալի պատմվածքներ պատմել, որոնցից մի քանիսը ես գրքումս ներառել եմ:

Որոշ պատմություններ վերաբերում են հայտնի մարդկանց: Օրինակ, Ուիլյամ Սարոյանին, ով մեր ընտանիքի մոտ ընկերն էր: Նա անեկդոտներ էր սիրում պատմել, ընդ որում՝ ամենատարբեր բարբառներով:

Հիշում եմ, երբ լույս տեսավ Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա...» վերնագրով, ծնողներս Սարոյանի համար հատուկ երեկո կազմակերպեցին: Այդ երեկոյի ընթացքում բազմաթիվ մարդիկ Սարոյանի հետ զրուցում, հարցեր էին տալիս, եւ նա գնալով ավելի էր ձանձրանում: Ի վերջո, շրջվեց դեպի ինձ, ես այդ ժամանակ 10-12 տարեկան երեխա էի, եւ հարցրեց՝ ձեր տանը տեղ կա, որտեղ մենք կարող ենք թաքնվել բոլորից եւ զվարճալի պատմվածքներ կարդալ:

Եւ ես նրան ուղեկցեցի խոհանոցի մոտ գտնվող սենյակը, եւ Վիլլին սկսեց ինձ ծիծաղեցնել, զվարճալի պատմվածքներ կարդալ տարբեր ձայներով: Ի վերջո ծնողներս մեզ գտան եւ Վիլլիին հյուրերի մոտ վերադարձրեցին:

«Երբ մեր մեծերն աշխարհից հեռացան, նրանց տեղը ոչ ոք չկարողացավ գրավել»

Հետաքրքիր է, այդ մեծ մարդկանց ես երբեք չեմ մոռանում: Ինչ-որ հատկություն կար նրանց մեջ, անկրկնելի հատկություն: Եւ երբ նրանք այս աշխարհից հեռացան, նրանց տեղը ոչ ոք չկարողացավ զբաղեցնել: Եւ այդ մեծահասակ մարդկանց հետ շփումից կարծես կլանում ես նրանց մասնիկը:

Հիշում եմ, կար մի ծեր կին, անունը Սուլթան Խաթուն էր: Նա անգլերեն ընդհանրապես չէր խոսում, մենք հաղորդակցվում էին միայն ժպիտներով ու գրկախառնվելով: Նա սքանչելի կին էր, այն, ինչ այսօր կանվանեինք անհետացող մարդկային տեսակ, նույնիսկ նրա երեխաներն իր նման չէին: Նա միշտ ոտքից գլուխ սեւ զգեստ էր կրում, նրա երեսին միշտ ջերմ ժպիտ էր, բայց աչքերում՝ անվերջ տխրություն: Նա Ցեղասպանությունն էր վերապրել, ինչպես բազմաթիվ մարդիկ, բայց, ինչպես շատ ուրիշները, դժվարանում էր խոսել դրա մասին:

Ծնողներս նույնպես Ցեղասպանության մասին մեզ՝ իրենց երեխաների հետ, երբեք չեն խոսել: Նրանց համար անչափ դժվար էր այդ թեման շոշափելը: Այդ ամենը հասկանում ես միայն, երբ մեծանում ես:

Այսպես, ինձ բախտը ժպտացել է՝ ես վայելում էի բոլոր բարիքները, որը վայելում էր ցանկացած երեխա Գլենդելում, սակայն, ինձ հաջողվել էր նաեւ հանդիպել ծնողներիս ընկերներին, որոնցից մի մասը Հայաստանից էին: Փայլուն ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի ծնողները իմ ծնողների սերտ ընկերներն էին եւ մենք շատ ժամանակ ենք անցկացրել միասին: Ուստի, ինձ հաջողվել է շատ բան սովորել:

«Կառավարությունում իմ աշխատանքը երեխաներիս համար էլ էր օգտակար»

Որեւէ բան կցանկանայի՞ք ավելացնել:

Երեխաներիս մասին եմ ցանկանում պատմել: Դուստրս՝ Սառան, Հայագիտության հետազոտության ազգային ընկերակցության տնօրենն է, եւ նա շատ ակտիվ գործունեություն է իրականացնում: Ես հպարտ եմ նրա կատարած աշխատանքով:

Իմ մյուս դուստրը՝ Էմին, Նյու Հեմփշիրում դատավոր է: Նա որպես դատավոր նաեւ իրականացրել է իմ որդի Դեյվիդի մեծ աղջկա հարսանիքի արարողությունը:

Իմ երկու որդիները, Դեյվիդը եւ նրա փոքր եղբայրը հայտնի լրագրողներ են, նրանք փայլուն բաների են հասել եւ ես հպարտ եմ նրանցով:

Կարծում եմ, կառավարությունում իմ աշխատանքը օգտակար էր նաեւ նրանց համար: Նրանք հասկացան, որ կյանքում կան ավելի կարեւոր բաներ, քան գումար վաստակելը:

Անհրաժեշտ է աշխարհում փորձել դրական բաներ անել եւ արժանի գործերում ներգրավվել: Ուստի, կարծում եմ, ունենալով փոքր տարիքում կառավարության համար աշխատող իրենց հոր օրինակը, երեխաներս գիտակցել են, որ գործարարությունից բացի կան ավելի կարեւոր բաներ։

Facebook Forum

XS
SM
MD
LG