Հյուսիսային Կորեան ածխի խոշորագույն արտահանող է հանդիսանում, ինչն էլ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի, ֆինանսավորում է Փհենյանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերը: Այդ իսկ պատճառով ածխի արդյունաբերության ոլորտը ենթակա է ԱՄՆ, Եւվրամիության եւ ՄԱԿ-ի պատժամիջոցներին։ Արքայական միասնական ծառայությունների ինստիտուտի զեկույցի համաձայն, Մեծ Բրիտանիայում գրանցված որոշ ընկերություններ շրջանցում են այս պատժամիջոցները:
«Մեծ Բրիտանիայում գրանցված որոշ ընկերությունների պատկանող բեռնատար նավերը ներգրավված են Հյուսիսային Կորեայից անօրինական կերպով ածխի արտահանման մեջ, ինչը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի բանաձևին»,- ասում է Արքայական միասնական ծառայությունների ինստիտուտից, Համիշ Մաքդոնալդը:
Զեկույցը բացահայտում է, որ Հյուսիսային Կորեան կարողանում է ածուխը միջազգային հարթակում իրացնել համաշխարհային կազմակերպությունների բարդ ցանցի միջոցով: Նման ցանցերից է Չինաստանում հիմնված «Weihai World-Shipping Freight»-ը:
Հայտնի է, որ այս ընկերության նավերից 6-ը Հյուսիսային Կորեայից ածուխ են արտահանում: Այս 6 նավերից 4-ը պատկանել են Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունների: Դրանցից մեկը Հյուսիսային կորեայում ածխով է բեռնվել հունվարին:
Արքայական միասնական ծառայությունների ինստիտուտից, Համիշ Մաքդոնալդի կարծիքով Մեծ Բրիտանիայում կեղծ ընկերություններ ստեղծելը չափազանց հեշտ է:
«Դա տևում է ընդամենը 24 ժամ և արժե 15 ԱՄՆ դոլար: Դրա համար անհրաժեշտ է տնօրեն, բաժնետեր և պարզապես քարտուղարի հասցե: Նույնիսկ անհրաժեշտ չէ, որ տնօրենը և բաժնետերը լինեն Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, կամ երբևէ այստեղ ոտք դրած լինեն»,- ասում է նա:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, որ իրենք այս հարցի շուրջ աշխատում են Մեծ Բրիտանիայի և այլ երկրների պետական մարմինների հետ: