«Անարդարությունը մեկ տեղում՝ սպառնալիք է արդարությանը ամենուր»,- հայտնի իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի խոսքերն է մեջբերում իրավագետ և ցեղասպանագետ դոկտոր Ջերմեյն Մաքքալպին ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը Հայոց ցեղասպամության ճանաչման և հատուցման հարցերի շուրջ: Իր ելույթում դոտոր Մաքքալպին ընդգծեց միասնության կարևորությունը այս նպատակներին հասնելու համար, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարում:
«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը չի կարող հաջողությամբ պսակվել, եթե դրա մասին քարոզեն միայն հայերը: Անհրաժեշտ է բոլորիս ու լայն զանգվածների միասնական քարոզչությունը»,- ասում է նա:
Նա կոչ արեց դասեր քաղել մարդկության հանդեպ կատարած այլ հանցագործությունների ճանաչման և հատուցման օրինակներից ՝ ընդգծելով, որ ցեղասպանությունը դադարում է միայն այն ճանաչելուց հետո:
«Պետք է բացառել, որ ժամանակակից զարգացումները խափանեն հանցանքի ճանաչման գործընթացը: Քանի դեռ ցեղասպանությունը ժխտվում է, այն շարունակվում է»,- նշում է Մաքքալպին:
Դոկտոր Մաքքալպիի կարծիքով Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցման տրամադրումը կարևոր է նաև Թուրքիայի համար, քանի որ առանց դրա անհնար է հասնել երկրի լիակատար ժողովրդավարացմանը: Նա վստահ է, որ՝հատուցումն ավելի խորը երևույթ է, քան ֆինանսական փոխհատուցումը: Դրա առաջնային նախապայմաններից է հանցագործության գիտակցումն ու ճանաչումը, որից հետո միայն հնարավոր է խոսել հատուցման ձևերի մասին:
Հայ դատի Վաշինգտոնի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը ևս համամիտ է՝ հատուցումն ու ճանաչումը փոխկապակցված են, իսկ հատուցման համար անհրաժեշտ է ցեղասպանության հանցանքի ճանաչում: Հայոց ցեղասպանության հարցում, ըստ Համբարյանի, հնարավոր է հասնել ճանաչմանը աշխարհում կոնսենսուսի ձևավորման միջոցով, որի արդյունքում Թուրքիան, միայնակ մնալով, ստիպված է լինելու ճանաչել իրողությունը: Դա էլ, ըստ Համբարյանի, ճանապարհ կհարթի հատուցման տարբեր ձևերի շուրջ երկխոսությանը:
«Սա յուրահատուկ չէ միայն հայերի համար: Աշխարհում յուրաքանչյուր տեղում կա այն ընկալումը, որ երբ հանցանք է կատարվում, ապա ոճրագործները նախ պետք է ընդունեն իրենց մեղքը, ճանաչեն այն և ճանապարհ գտնեն վերականգնելու արդարությունը զոհերի նկատմամբ»,- ասում է Արամ Համբարյանը:
Միջոցառմանը ներկա Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի կարծիքով էլ Հայոց ցեղասպանության զոհերի հատուցման խնդիրը ունի որոշակի տարբերություն, օրինակ Հոլոքոստի հետ՝ իրավական հիմքերից ելնելով: Հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացը չունի Նյուրենբերգի նախադեպ, ուստի անհրաժեշտ են նոր և ստեղծագործ մոտեցումներ, որոնք կարող են փոփոխություններ մցնել այս հարցում:
Facebook Forum