ԱՄՆ-ում շարունակվում է քաղաքական սկանդալը՝ կապված այն տեղեկության հետ, որ նախագահ Թրամփը պահանջել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուց հետաքննել դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեությունը Ուկրաինայում:
Թրամփը ընդունել է, որ Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է, նրա բնութագրմամբ, Բայդենի ընտանիքի կոռուպցիոն գործունեությանը:
«Բայդենի և նրա որդու գործունեությունը ամոթալի է: Նրա որդին գումարներ է վերցրել Ուկրաինայից և Չինաստանից»,- ասել է Թրամփը:
Ջո Բայդենն իր հերթին հակազդել է Թրամփին:
«Թրամփն այս ամենը անում է, քանի որ գիտի, որ ես իրեն կհաղթեմ: Նա չարաշահում է իշխանությունը և նախագահի լիազորությունները՝ փորձելով վիրավորել ինձ»,- հայտարարել է Բայդենը:
Զելենսկու հետ հեռախոսազրույցի փաստը հանրայնացվել է ամերիկյան ազգային հետախուզության անանուն աղբյուրի միջոցով, որը մամուլին է փոխանցել Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունը Զելենսկու հետ:
Դեմոկրատական կուսակցությունը փորձում է ձեռք բերել այս զրույցի մանրամասները, սակայն Սպիտակ տունը արգելափակում է բոլոր փորձերը: Դեմոկրատների ճամբարում հնչում են նախագահ Թրամփին պաշտոնանկ անելու կոչեր: Վերջիններս պահանջում են հետաքննություն իրականացնել՝ պարզելու, թե արդյոք Թրամփի ճնշումները Զելենսկու նկատմամբ կապված են 250 միլիոն դոլարի ամերիկյան ռազմական օգնության տրամադրման սառեցման հետ:
«Ցավոք այս հակասական զարգացումները խափանում են ուկրաինական պատերազմի դիվանագիտական կարգավորման հնարավորությունը, որը Կիևի համար մեկ առաջնահերթությունն է այսօր»,- նշում է Միջազհգային ճգնաժամային խմբի փորձագետ Ռիչարդ Գովանը:
Ուկրաինան իր հերթին հերքել է Վաշինգտոնի կողմից ճնշման ենթարկվելու լուրերը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշխատաnքներին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում ասել է, որ հարգանքով է վերաբերվում նախագահ Դոնալդ Թրամփին: Նրա կարծիքով իրենց հանդիպումը կանցնի ջերմ մթնոլորտում: Բացի այդ նախատեսված են հանդիպումներ շուրջ մեկ տասնյակ այլ առաջնորդների հետ:
«ԱՄՆ մշտապես աջակցում է Ուկրաինային, մեր քաղաքական ուղեգծին և մեր պայքարին ընդդեմ ագրեսիայի և պատերազմի»,- ասել է Զելենսկին:
Նա ընդգծել է, որ Ուկրաինան անկախ, հզոր պետություն է և պատրաստ է ամեն տեսակի զարգացումների:
Facebook Forum